100 տարի առաջ սիրիացիներն ընդունեցին հայերին. այժմ հակառակն է

«Ֆորբս» պարբերականը հրապարակել է հոդված, որում անդրադառնում է Հայաստանում ապաստանած սիրիացի փախստականներին: «100 տարի առաջ, սիրիացիներն ընդունեցին հայերին: Այժմ, Հայաստանն այս ընտանիքի ապաստանն է» վերնագրված հոդվածում «Ֆորբսի» հոդվածագիր Էլիզաբեթ ՄաքԲրայթն (Elizabeth MacBride) անդրադառնում է Հայաստանում բիզնես ծավալած Ռաստքելենյանների ընտանիքին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Մեկ ամիս առաջ սիրիական ևս մեկ ռեստորան բացվեց, այս անգամ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ «Ես սիրում եմ Հայաստանը։ Կարծում եմ՝ այն սիրելն իմ աշխատանքն է։ Ուզում եմ ապրել այստեղ, չեմ ուզում որևէ այլ տեղ գնալ»,- ասում է Շաղիկ Ռաստքելենյանը։ Շաղիկն իր ընտանիքի հետ Սիրիայից եկել է Հայաստան չորս տարի առաջ։ Այժմ նրա երկու քույրերն ու մայրը աշխատում են 35-40 այցելու տեղավորող ռեստորանում, անունը՝ «Զեյթունա»։

«Մայրս պրոֆեսիոնալ խոհարար է։ Նա մերձավորարևելյան ու սիրիական խոհանոցի մասնագետ է, և բոլորն են նրան ճանաչում»,- ասում է Շաղիկը։ «Մենք որոշեցինք գումար աշխատել դրա միջոցով, քանի որ առանց գումարի անհնար է գոյատևել»։

Սիրիացի փախստականների՝ աշխարհով մեկ սփռվելու հետ մեկտեղ, նրանց հյուրընկալող հանրությունների մեջ ինտեգրվելու առաջին նշաններից մեկը ռեստորաններն են։

Սիրիացիները Մերձավոր Արևելքում հայտնի են իրենց արհեստներով, հմտություններով, և խոհարարությունը բացառություն չէ։

Սիրիական ռեստորանների բացումը Մեդինա փողոցում՝ Ամմանում փախստակաների ճգնաժամի առաջին վկայություններից էր։ Ես նաև լսել եմ Կահիրեում գործող «Զեյթ Զեյթուն» անվամբ սիրիական խոհանոցի մասին, որը հիմնել էին սիրիացի փախստական կանայք Կահիրեում սիրիական սփյուռքին տրվող աջակցության միջոցով։ Դեռ երկու տարի առաջ գրել եմ սիրիացի մի կնոջ մասին, ով պահում էր իր ընտանիքը՝ համեղ քըբբեհ [քյուֆթա] պատրաստելով։ Առաջիկայում պատրաստվում են իրականացնել քննարկումներ՝ խոհարարությունը որպես սիրիական ինքնության մաս թեմայով։

«Կարծում եմ՝ աշխատասեր մարդիկ կարող են կառուցել իրենց կյանքը որտեղ էլ լինեն։ Միակ խնդիրն այն է, որ կարող են միայն մանր բիզնեսով զբաղվել, քանի որ տնտեսությունը թույլ է»,- ասում է Ռաստքելենյանը։

Նրա մոտավոր հաշվարկներով, Երևանում կարող ես փոքր ռեստորան բացել 10 հազար դոլարով։

Հայաստանում սիրիացի փախստականների՝ իրենց կյանքը վերակազմակերպելու պատմությունները բխում են Սիրիայի ու Հայաստանի միջև երկարամյա պատմությունից: Հարյուր տարի առաջ, Հայոց ցեղասպանության ժամանակ, Սիրիան ապաստան դարձավ անապատներում աքսորի ու զանգվածային բռնությունների միջով անցած ու վերապրած հայերի համար։ Հիմա, երբ դերերը փոխվել են, Հայաստանը հյուրընկալում է սիրիացի փախստականներին։ Երեք միլիոն բնակչություն ունեցող այս երկիրը արդեն տուն է դարձել 17 հազար սիրիացի փախստականների համար։

Ինչպես նշում է իրավաբան Հարութ Էքմանեանը, ով մի քանի տարի Հայաստանում աշխատելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք, Հայոց ցեղասպանությունից դեռ շատ առաջ Հալեպում կար ծաղկուն հայկական համայնք, որի արմատները գնում էին մինչև Չինաստանը Վենետիկին կապող ու Սիրիայով և Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի ժամանակներ։ Երբ տեղի ունեցավ ցեղասպանությունը, Հալեպի հայերը գլխավորեցին մարդասիրական աջակցությունը, ինչի արդյունքում հայկական համայնքն ավելի մեծ ուժ ստացավ և, պահպանելով իր մշակութային ինքնությունը, գոյատևեց մինչև  մեր օրերը։ Ռաստքելենյանը մեծացել է որպես հայ, հաճախել հայկական դպրոց։

«Հալեպը անվանում են ողջ հայկական սփյուռքի մայր համայնք»,- ասում է Էքմանյանը։  Չնայած Հայաստանի աղքատության բարձր՝ 30 տոկոս ցուցանիշին և տնտեսական դանդաղ աճին, սիրիացի փախստականներին ջերմորեն են ընդունում Հայաստանում: Թեև նրանք չեն կարողանում շարունակել Հալեպում ունեցած բիզնեսը, օրինակ, Հալեպում խանութատերը Երևանում շուկայում ընդամենը մի սեղանիկ է վերցնում, բայցևայնպես նրանք մերվում են համայնքին և աջակցություն ստանում։ Ռաստքելենյանն ասում է, որ սիրիահայ աշակերտները դպրոց հաճախում են անվճար, ինչպես ինքը, որ Հայաստանում ավարտել է քոլեջը։

24-ամյա Շաղիկը, որը նաև աշխատում է որպես մոդել, իր երկու ընկերների հետ համատեղ LiveLoveArmenia անունով արշավ է ծավալել Ինստագրամ և Ֆեյսբուք սոցիալական ցանցերում՝ վաճառելով մոտ 4 դոլար արժողությամբ թևնոցներ, որոնք այդ կարգախոսն են կրում։ Իսկ առաջին նախագծով նրանք սիրիահայ մի ընտանիքի պատվիրել էին գլխարկներ ու շարֆեր, որոնց վաճառքից ստացված հասույթը գնում էր Երևանի մանկատներին։

Թարգմանությունը՝ Սիվիլնեթի

Scroll Up