«Եթե մի օր որոշենք Հալեպից հեռանալ, ապա միայն Հայաստան կգանք». «Քայլ դեպի տուն» ծրագրի հալեպահայ մասնակիցներ
Սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցում են պատանիներ ու երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից: Նրանցից յուրաքանչյուրն իր ներաշխարհն ունի, իր պատմությունը: Նրանք միմյանց որքան նման, միաժամանակ շատ տարբեր են՝ կրելով այն երկրների մշակութային ազդեցությունը, որտեղ ապրում են՝ գունազարդելով աշխարհը, իրենց շրջապատը` սեփական պատուհանից երևացող գույներով: 16-ամյա երկվորյակներ Անի և Գաբրիել Պողիկյանները Հայաստան են եկել Սիրիայից, երկիր, որտեղ մինչև վերջերս զգացվում էր պատերազմի շունչը:
Սիրիահայ պատանիները Հայաստանում իրենց ավելի հանգիստ, ապահով ու ազատ են զգում: Այստեղ չեն լսվում պատերազմի ձայներ, երկինքը խաղաղ է, շրջապատում բոլորը հայեր են, ամենուր հայերեն խոսք է լսվում, ինչի համար քեզ ոչ ոք օտար աչքով չի նայում: «Այստեղ կարծես բոլորը մեկ ընտանիք լինեն: Ծրագրի ընթացքում ծանոթացել եմ աշխարհի տարբեր երկրներում ապրող իմ հասակակիցների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական մտածելակերպը: Հայաստանում ընտանիքիս հետ եղել էի մոտ 4 տարի առաջ: Այսօր շատ բան է փոխվել, Երևանն ավելի է գեղեցկացել: Հայաստանում է, որ զգում ես հայրենիքի կարևորությունը, քեզ հանգիստ ես զգում: Ծննդավայրն էլ է կարևոր քո կյանքում, այնտեղ դու անմոռանալի հիշատակներ ունես, բայց հայրենիքն ուրիշ է, այստեղ այլ զգացողություններ ես ունենում»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասում է Անին:
Խոսելով «Քայլ դեպի» տուն ծրագրի մասին՝ Անին պատմում է. «Ծրագրի ընթացքում ամեն օր նոր բան ենք իմանում, ամեն օր նոր աչքով ենք բացահայտում հայրենիքը, հանդիպեցինք նաև Սփյուռքի նախարարի հետ: Հասցրել եմ ծանոթանալ տարբեր երկրներում՝ Լիբանան, Վրաստան, Ռուսաստան, ապրող մասնակիցների հետ, որոնց հետ կցանկանամ կապը միշտ պահել: Այցելել ենք Զվարթնոց, Գառնի, Խոր Վիրապ, մի քիչ նեղվեցի, որ չկարողացա փոսը իջնել, այնքան մարդ կար, որ շատ երկար պետք է սպասեինք»: Գաբրիելը շարունակում է՝ Անիի պես տխրելով, որ չի կարողացել Խոր Վիրապում այն փոսը իջնել, որտեղ Գրիգոր Լուսավորիչը ապրել է 14 տարի. «Հետաքրքիր վայրեր ենք այցելում, ամեն օրը շատ լավ է անցնում: Այստեղ բոլորը իրար հարազատի պես են, օտար չեն իրար: Դասընթացների ընթացքում ծանոթանում ենք հայոց պատմությանը: Ձեռք եմ բերել նոր ընկերներ, նաև տեսել եմ հալեպահայ իմ հին ընկերներին, որոնք այսօր Հայաստանում են ապրում: Արդեն 6 տարի Հայաստանում մորեղբորս հետ ապրում է նաև տատիկիս: Նրանց տանն ենք ես և քույրիկիս ապրում»:
Թեև դեռ մի քանի օր կա ծրագրի ավարտին, սակայն պատանիները չեն ուզում Հալեպ վերադառնալ: «Գիտեք, դժվար է հայրենիքից հեռանալ, այնքան էլ չեմ ուզում Հալեպ գնալ, թեև այնտեղ ես ունեմ ուրախ և տխուր հիշատակներ: Սա է մեր տունը, աշխարհում կա ծննդավար և տուն՝ հայրենիք, ուրիշ երկրում հայը չպետք է ապրի: Այնտեղ նրանք մոռանում են իրենց լեզուն, իսկ այստեղ բոլորը հայերեն են խոսում, որը քեզ մեծ ուժ է տալիս: Ու եթե մի օր որոշենք Հալեպից հեռանալ, ապա միայն Հայաստան կգանք»,-պատմում է Անին:
Հալեպում կյանքն այսօր կամաց-կամաց իր սովորական հունի մեջ է մտնում: Սակայն պատերազմի թողած հիշողությունը դեռ երկար չի մոռացվի. «Առաջ, օրինակ, երբ փողոց էինք դուրս գալիս, վախենում էինք՝ արդյոք կկարողանա՞նք վերադառնալ տուն, թե՞ ոչ: Շատ անգամ նկուղներում ենք մեր օրերն անցկացրել: Պատերազմի ընթացքում Հալեպում մնացած մարդկանց հետ ապրեցինք պատերազմի ողջ սարսափը, բայց այդ ամենի շնորհիվ՝ իրար ավելի մտերմացանք, ավելի կապվեցինք միմյանց: Պատերազմի ընթացքում եղբայրս վիրավորվեց և հրաշքով փրկվեց»,-հիշում է Անին, իսկ Գաբրիելը հավելում է, որ այդ օրվա մասին հիմա իրեն միայն մնացած սպին է հիշեցնում. «Հեծանիվ էի վարում, երբ հանկարծ կողքս ռումբ պայթեց: Մի պահ չհասկացա՝ ինչ կատարվեց. ոչինչ չէի լսում, աչքերիս առաջ ամեն ինչ սպիտակել էր: Հետո ինձ հիվանդանոց տարան, բարեբախտաբար, վնասվածքն այնքան էլ խորը չէր: Դժվար 6 տարիներ ապրեցինք, սակայն հուսով էինք, որ պատերազմը մի օր կվերջանա»:
Խոսելով սիրիահայ համայնքի մասին՝ Անին նշում է. «Հալեպում համայնքը զորավոր է: Մենք արաբների հետ երբեք որևէ խնդիր չենք ունեցել: Նրանք միշտ ասում են, որ հայերը արժեք, կշիռ են հաղորդում քաղաքին: Հիմա վիճակը շատ ավելի հանգիստ է: Կարող ես փողոցում քայլել, առանց վախենալու ակումբ գնալ, բայց այստեղի ապահովությունը լրիվ տարբեր է»: Իսկ Գաբրիելը ավելացնում է. «Հալեպում ազգային ոգին մեծ է: Կարծում եմ, ուրիշ ոչ մի համայնքում այդպես չէ»:
Լ.Ա.