«Ինձ համար ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը հայերեն են խոսում». «Քայլ դեպի տուն ծրագրի սիրիահայ մասնակից

Սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից Ֆլորա Մատարյանը ծնվել և երկար տարիներ ապրել է Սիրիայում: Սակայն սիրիական պատերազմը պատճառ դարձավ, որ 2016 թվականին Ֆլորան՝ մայրիկի, եղբոր և տատիկի հետ տեղափոխվի Հայաստան: Ընտանիքի հետ չէ միայն հայրը, որը շարունակում է ապրել և աշխատել Սիրիայում:
«Ծրագրի մասին տեղեկացա համացանցի միջոցով: Անչափ ուրախ եմ, որ մասնակցության հնարավորություն ստացա: Այս ընթացքում շատ ընկերներ եմ ձեռք բերել: Թեև արդեն 2 տարի է՝ Հայաստանում եմ ապրում, բայց իմ հայրենիքը դեռ ամբողջովին չեմ ճանաչում, ծրագրի միջոցով փորձում եմ լրացնել այդ բացը: Ինձ համար այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը հայերեն են խոսում, ուսումասիրում եմ հայոց լեզուն և գրականությունը, փորձում եմ ծրագրի մասնակիցներից նաև ռուսերեն բառեր սովորել»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Ֆլորան: Նաև հավելեց, որ Հայաստանում իրեն ապահով է զգում, Սիրիա կվերադառնա միայն մի դեպքում, եթե հայրը Հայաստան չտեղափոխվի: Չի ցանկանում, որ ընտանիքը բաժանված լինի:
Երգելն ու պարելը Ֆլորայի սիրած զբաղմունքներն են, Սիրիայում ապրած տարիներին լրջորեն զբաղվել է երգարվեստով և պարարվեստով, սակայն հիմա ժամանակ չունի շարունակելու՝ աշխատում է: Ֆլորան ունի նաև նախընտրած մասնագիտություն, ուզում է լեզվաբան դառնալ: Պատրաստվում է նոր ուսումանական տարվան՝ արդեն որպես համալսարանական:
Ռուզաննա Ալեքսանյան