Վարչապետը խորհուրդ է տվել առիթների դեպքում միմյանց նվիրել հայ ժամանակակից գրողների գրքերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ նիստի սկսվելը վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը գրքեր է նվեր ստացել «Անտարես» հրատարակչությունից: «Այս ակցիան նպատակ ունի խթանել ընթերցանությունը Հայաստանում և հատկապես կառավարության անդամների շրջանում: Իհարկե, ես ուզում եմ ասել, որ այլ հրատարակչություններ, եթե ցանկանում են այսպիսի գործընթաց ունենալ, մենք հաճույքով նրանցից նույնպես նվերներ կընդունենք, նաև նրանց անունները կբարձրաձայնենք, որպեսզի գրահրատարակությանը և գրքի ընթերցանությանը աջակցենք: Լավ կլինի, որ մենք նաև քաղաքականություն ունենանք այդ ամենին աջակցելու: Ուզում եմ հավաստիացնել, որ ի հեճուկս տարածված կարծիքի՝ Հայաստանում այսօր էլ ստեղծվում են արժեքավոր գրական գործեր, որոնց ընթերցումը, կարծում եմ, շատ բան կտա բոլորիս: Հույս ունեմ, որ մենք իսկապես կկարողանանք մեր աշխատանքը կազմակերպել այնպես, որ գեղարվեստական գրականությանը և ընթերցանությանը նույնպես բավարար ժամանակ տրամադրենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը խորհուրդ է տվել առիթների դեպքում միմյանց նվիրել հայ ժամանակակից գրողների գրքերը, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ է արել ոչ միայն նվիրել, այլև կարդալ դրանք: