Հայկական տարազները պատկերող լուսանկարների ցուցահանդես Բուլղարիայում

Հուլիսի 28-29-ը Բուլղարիայի Սոֆիա և Պլովդիվ քաղաքներում ՀԲԸՄ նախաձեռնությամբ կայացել է Ջուլիա Մութլուի Պատմական Հայաստանի տարբեր գավառներին բնորոշ հայկական տարազների և վանեցի լուսանկարիչ Այթաչ Սելչուկի Վան քաղաքում կատարված լուսանկարների ցուցադրությունը:
Պլովդիվ քաղաքում ցուցադրություն կազմակերպելու նախաձեռնության հեղինակներն էին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եզիազար Ուզունյանը և Գևորգյան ընտանիքը:
Պլովդիվում ցուցահանդեսը կայացել է քաղաքի հայտնի առևտրային կենտրոններից մեկում:
«Շատ հետաքրքիր և հուզիչ ցուցադրություն էր, Այթաչ Սելչուկի աշխատանքների միջոցով ներկայացվեցին Վան քաղաքի և շրջակա շրջանների հայկական եկեղեցիների մոտ արված հայկական տարազների լուսանկարները: Տարազների վարպետը Ջուլիա Մութլուն է, որն այս աշխատանքների համար պարգրատրվել է ՀՀ նախագահի և Սփյուռքի նախարարության մեդալներով», –«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոսի մշակութային հարցերով խորհրդական Աղավնի Գևորգյանը և հավելեց, որ Պլովդիվում հյուրերը մնացել են երեք օր:
«Շրջել են քաղաքի հին թաղամասերով, եղել են հայկական թաղամասում և հայկական հին տներում, այցելել Բաչկովո եկեղեցի, որը կառուցվել է Բակուրյան եղբայների կողմից»,-նշեց Աղավնի Գևորգյանը: