Սփյուռքի նախարարն ընդունեց Վերապատվելի Հարություն Սելիմյանին

Հունիսի 28-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի առաջնորդ Վերապատվելի Հարություն Սելիմյանին:
Շնորհավորելով Սփյուռքի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Վերապատվելի Հարություն Սելիմյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին և նպաստել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ու արդյունավետ համագործակցությանը: «Հեղափոխությունից հետո ընդհանուր դրականության, թափանցիկ գործելաոճի մթնոլորտ կա Հայաստանում: Երկուստեք ակնկալիքներ են առկա նաև Հայաստան-Սփյուռք տիրույթում, որտեղ առաջնային պիտի լինեն գործակցությունն ու ռեսուրսների փոխօգտագործումը»,-նշեց Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի առաջնորդը:
Համաձայնելով հյուրի հնչեցրած կարծիքներին՝ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ թավշյա հեղափոխությունը դարձավ նախևառաջ անհատի վերափոխման, սիրո, հանդուրժողականության և ժպիտի հեղափոխություն: Անդրադառնալով Սփյուռքի հետ աշխատանքին՝ նախարարը նշեց, որ հեղափոխություն պետք է լինի նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում՝ փոփոխելով աշխատանքի ու շփման որակը:
«Այլևս չի լինելու խտրական վերաբերմունք: Սփյուռքի նախարարությունը պիտի ներկայացնի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի հետաքրքրությունները, շահն ու իրավունքը»,-շեշտեց Մխիթար Հայրապետյանը:
Հանդիպաման ավարտին քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: