Բրազիլիայում ներկայացվել է հայկական մշակույթը

Հունիսի 9-ին, 10-ին և 16-ին Սան Պաուլո քաղաքի Ներգաղթի թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Festa do Imigrante փառատոնը, որն իր շուրջն էր համախմբել Բրազիլիայում ապրող 50 ազգությունների ներկայացուցիչների: Փառատոնին մասնակցում էր նաև Համազգային մշակութային միության Բրազիլիայի մասնաճյուղը, որը ներկայացրեց հայկական մշակույթը:
«Հունիսի 9-ին փառատոնի շրջանակներում ցուցադրեցինք մեր հարուստ խոհանոցը՝ խորոված, քյուֆթա, բլղուրով փլավ, գաթա, թահինով հաց, բրազիլացիների ամենասիրած հայկական ճաշատեսակներից մեկը՝ ձվով և բաստուրմայով սենդվիչ՝ լավաշի մեջ փաթաթած, և բազում այլ ուտեստներ, որոնք զարդարում են հայկական խոհանոցը»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց ՎարդինեԳալաջյանը:
Հունիսի 10-ին Հայկական SAMA ակումբի երգչախումբը ներկայացրել է հայկական երգեր՝ մասնակցությամբ հայկական երգերի կատարող Վահագն Մինասյանի: Երգերը նվիրված են եղել Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Հունիսի 16-ին՝ փառատոնի վերջին օրը, Համազգայինի երեք պարախմբերը՝ մանկական «Արևիկ», երիտասարդների «Կիլիկիա», միջին տարիքի «Ծիրանի», ներկայացրել են հայկական ժողովրդական պարերը, որոնք մեծ խանդավառությամբ են ընդունվել:
«Բոլորս միասին, ձեռք-ձեռքի, այլ ազգերի կողքին Հայաստանն ու հայ ժողովրդին ներկայացրեցինք իբրև հզոր ազգ: Մեր հպարտության պատճառը նաև այն էր, որ մեր մշակույթը ցուցադրեցինք մի երկրում, որն ամեն օր գաղթականներ է ընդունում»,-իր խոսքը եզրափակեց ՎարդինեԳալաջյանը: