Թեհրանում տեղի ունեցավ իրանահայ գրող Վարանդի գրքի շնորհանդեսը

Հունիսի 19-ին Թեհրանի «Չահարմահալ» միության Հովհաննես Թումանյանի անվան դահլիճում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված գրական-գեղարվեստական միջոցառում՝ նվիրված իրանահայ գրող Վարանդի «Ժամանակակից պարսից պոեզիա. ակներ ակներև» անթոլոգիա-գրքի շնորհանդեսին, որը պարունակում է ժամանակակից իրանական գրականության շուրջ 100 ստեղծագործության թարգմանություն:
Հատկանշական է, որ 2017թ. իրանահայ գրողը ժամանակակից իրանական պոեզիային նվիրված վերոնշյալ աշխատությամբ մասնակցել էր Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո անցկացվող «Կանթեղ» մրցանակաբաշխությանը՝ արժանանալով թարգմանչական գլխավոր մրցանակի:
Իր ելույթում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, շնորհավորելով Վարանդին և բարձր գնահատելով նրա կատարած աշխատանքը, հատուկ անդրադարձ կատարեց Հայաստան-Իրան հարաբերությունների շրջանակներում միջմշակութային կապերի ամրապնդմանը՝ ընդգծելով երկու ժողովուրդների մշակութային արժեքները միմյանց հավուր պատշաճի ներկայացնելու կարևորությունը:
Շնորհանդեսի ընթացքում հնչեցված իր ելույթում Վարանդը հանգամանորեն ներկայացրեց իր ստեղծագործությունը, խոսեց «Կանթեղ» մրցանակաբաշխության և իրանահայ համայնքի գրական-մշակութային կյանքին առնչվող մի շարք խնդիրների մասին:
Միջոցառմանը հնչեցին Վարանդի հեղինակած և մի շարք այլ ստեղծագործություններ:
Ներկաների շարքում էին Իրանի գրական-մշակութային ոլորտի գործիչներ, իրանահայ ազգային կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլ հրավիրյալներ: