«Արի տուն», «Իմ Հայաստան» և «Ամառային դպրոց» ծրագրերը ժամանակավորապես հետաձգվելու են

Հունիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Սփյուռքի նախարարության 2018 թվականի ծրագրերի ճակատագիրը» թեմայով մամուլի ասուլիս: Զեկուցողներն էին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարար Դավիթ Սարգսյանն ու «ՀայրենիքՍփյուռք կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Ասլանյանը:

Ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ ծանոթանալով «Հայրենիք-Սփյուռք» կենտրոն ՊՈԱԿ-ի միջոցով անցկացված տենդերներին և ֆինանսական ծախսերին՝ ի հայտ եկան մտահոգություններ. մասնավորապես նախարարը չբացառեց, որ 2018 թվականի պետբյուջեով հաստատված ծրագրերը, որոնք դեռևս չեն իրականացվել, բայց դրանց համար անցկացվել են համապատասխան մրցույթներ, կարող են պարունակել կոռուպցիոն ռիսկեր:

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ պետք է որոշում կայացվեր՝ ծրագրերն իրականացնել, կասեցնել կամ ժամանակավորապես հետաձգել: Որոշվեց  ծրագրերը ժամանակավորապես հետաձգել:

Շուտով պետք է անցկացվեն ստուգումներ ֆինանսական ծախսերի ու տեղաշարժերի հետ կապված: Այս առիթով նախարարը հանդիպել է պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ ու ներկայացրել իրավիճակը: Կողմերը   համաձայնության են եկել գործակցել այս ոլորտում: Դավիթ Սանասարյանի հանձնարարականով անցկացվելու է աուդիտ:

Ծրագրերի  ժամկետների մասին տեղեկատվություն կտրվի առաջիկայում:

Scroll Up