ՀՀ սփյուռքի և կրթության և գիտության նախարարությունների աշխատակիցների այցը Լիբանան

Մայիսի 30-ից հունիսի 3-ը Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և հովանավորությամբ տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի, Արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանի, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանի և Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության Համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանի աշխատանքային այցը Լիբանան։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիբանանում ՀՀ դեսպանության հայ համայնքների հետ տարվող աշխատանքների դիվանագետ Վլադիմիր Պողոսյանը, ելնելով 2017թ. իրականացված ծրագրի տրամաբանական շարունակությունից՝ հանդիպումներ կազմակեպվեցին 14 հայկական քոլեջների, վարժարանների տնօրենների, ուսումնական խորհուրդների ատենապետների հետ, որոնք ներկայացնում են Հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական համայնքները: Հանդիպումների հիմնական նպատակն էր՝ նպաստել լիբանանահայ վարժարանների հայապահպան գործունեությանը, փոխադարձ ճանաչողությանը, լիբանանահայ կրթական հաստատությունների ներկա խնդիրների, մասնավորապես՝ հայագիտական առարկաների դասավանդման համար ուսուցիչների վերապատրաստման, ուսումնական և մեթոդական գրականության ապահովման հարցերի շուրջ մտքերի փոխանակությանը և հետագա քայլերի մշակմանը: Լիբանանի հայկական կրթական հաստատությունների տնօրենները ՀՀ գիտակրթական բնագավառի աշխատանքների իրականացմամբ զբաղվող պետական ծառայողներից ստացան անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև ներկայացրին իրենց հուզող խնդիրները:

Պատվիրակության անդամները հունիսի 1-ին այցելեցին Այնճար: Նույն օրը Լիբանանում ՀՀ դեսպանատանը՝ դեսպան Ս. Մկրտչյանի հետ կայացած հանդիպման ընթացքում ամփոփվեցին նախնական արդյունքները:

Լիբանանյան այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին, Տանն Կիլիկիո Հայ կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ին և ՄԱՀԱԵՄ նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանին ու Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանին:

Այցելության ընթացքում պատվիրակության անդամները մասնակցեցին նաև մի շարք համայնքային միջոցառումների, այցելեցին «OTV» հեռուստաընկերություն, լիբանանահայ «Սևան» ռադիոկայան և լիբանանահայ օրաթերթերի գրասենյակներ:

Մասնագետների այցի ընթացքում հնարավոր եղավ իրականացնել ծրագրի գլխավոր նպատակը՝ ստեղծել գործնական կապեր ՀՀ ԿԳՆ և ՍՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների և Լիբանանում գործող վարժարանների տնօրենների հետ, որոնք պետք է այսու լինեն շարունակական և ավելի ամրապնդեն հետագա սերտ համագործակցությունը։

Տեղեկանք. այս ծրագիրը կրում է պարբերական բնույթ և 2017 թվականին նման առաքելությամբ Լիբանան էին այցելել ՀՀ առաջատար բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որի շնորհիվ անցած տարում ՀՀ-ում գրանցվեց լիբանանահայ ուսանողների թվի աննախադեպ աճ: Դիմորդների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով 83-ի:

Scroll Up