«Պետք է գործնականում արդյունավետ համագործակցել սփյուռքյան լրատվամիջոցների հետ.» Դավիթ Այվազյան

Հունաստանում հրատարակվող «Հայաստան» շաբաթաթերթը Աթենքի «Հայաստան» հասարակական-մշակութային կենտրոնի պաշտոնաթերթն է: Եվրոպայում հրատարակվող արևելահայերեն միակ շաբաթաթերթի ընթերցողները հիմնականում Հայաստանից Հունաստան գնացած հայերն են:

Լինելով անկախ թերթ՝ ընթերցողներին ներկայացվում են Հայաստանի ներքաղաքական, մշակութային, հասարակական կյանքի մասին պատմող հրապարակումներ, որի միջոցով էլ շաբաթաթերթը հանդիսանում է Հայաստանը-Սփյուռքին կապող կամուրջներից մեկը: «Հայաստան» կենտրոնն էլ այդ ուղղությամբ մշակութային տարբեր միջոցառումներ է կազմակերպում, Հայաստանից պարախմբեր, երգչախմբեր, գիտնականներ և տարբեր ոլորտների մասնագետների հրավիրում՝ ՝ այդպիսով ավելի հզորացնելով կապը Հայրենիքի հետ:

 Ի դեպ, Երևանում գործում է թերթի խմբագրության գրասենյակ, որի գլխավոր խմբագիրը Դավիթ Այվազյանն է:

Խոսելով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցած «Հայոց պետականությունը և հայ լրագրությունը» խորագիրը կրող Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի մասին՝ Դավիթ Այվազյանը «Հայերն այսօր»-ին տեղեկացրեց, որ աշխատանքի բերումով միշտ հետևել է համաժողովի ընթացքին, սակայն առաջին անգամ էր մասնակցում:

«Նկատել եմ՝ նախկին համաժողովների ժամանակ հնչեցրած առաջարկները բովանդակալից կերպով չեն իրագործվել: Պետք է այսուհետև խոսքից գործի անցնել և գործնականում արդյունավետ համագործակցել սփյուռքյան լրատվամիջոցների հետ»,-ընդգծեց Դավիթ Այվազյանը:

Scroll Up