Այբուբենի տոն Տյումենի հայկական մշակույթի կենտրոնում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/05/image-93-300x225.jpg)
Մայիսի 25-ին Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում (Տյումենի մարզի «Հայաստան» հայկական մշակութա-լուսավորչական հասարակական կազմակերպությանը կից գործող, նախագահ` Ա. Հովեյան) մեծ տոն էր։
Դպրոցի սաները (դասվար` Ալվան Պողոսյան) ներկայացրին «Մեր դպրոցական մանկության հրաշալիքները» խորագրով գեղեցիկ միջոցառում՝ նվիրված այբբենարանի ավարտման օրվան:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են մշակութային կենտրոնից, աշակերտները ցուցադրեցին իրենց գիտելիքներն ու կարողությունները` մեկնաբանելով ու համեմատելով նշված յուրաքանչյուր հրաշալիք (Այբուբեն, մայրենի լեզու, մայր, գիրք, հայրենիք, մանկություն, դպրոց):
Նրանք մաքուր ու հստակ արտասանեցին այբուբենի տառերը, գեղեցիկ հայերենով հնչեցրին բանստեղծություններ` նվիրված մայրենի լեզվին, հայրենիքին, մայրերին, երգեցին երգեր: Վերջին` «դպրոց» բաժնում ունկնդիրներին անչափ հուզմունք պատճառեց առաջին ուսուցչին նվիրված ասմունքը, բոլորը կարծես մտովին մի պահ տեղափոխվեցին դեպի դպրոցական մանկություն: Աշակերտները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին ուսուցիչներին և երդվեցին ի կատար ածել նրանց պատգամը:
Միջոցառման երկրորդ մասում նախապատրաստական խմբի փոքրիկ սաները շնորհավորեցին ավագ ընկերներին, իրենց բացառիկ գեղեցիկ ելույթներով` երգ ու պարով, փոքրիկ բեմադրություններով …
Ուսուցչուհի Ա. Պողոսյանը ջանք ու եռանդ չէր խնայել` աշակերտների մեջ սերմանելու սեր ու հարգանք մայրենի լեզվի, հայկական մշակույթի արժեքների նկատմամբ: Միջոցառումն էլ ավելի ծաղկեցրին մշակույթի կենտրոնի պարի (գեղ. ղեկավար-Ա Խաչատրյան), դհոլահարների խմբերի (գեղ. ղեկավար – Ա. Ազրյան), դուդուկի դասարանի սաների (գեղ. ղեկավար – Ն. Մուսոյան) կատարումները:
Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Ռ. Դանիելյանը իր երախտիքի խոսքերով ոգևորեց բոլոր մասնակիցներին, որին հաջորդեց ամենահանդիսավոր պահը: Նա գրաճանաչ սաներին վկայականներ hանձնեց այբուբենի ավարտման կապակցությամբ, իսկ մյուսներին փոքրիկ հուշ-նվերներ` էջանշաններ` զետեղված այբուբենի տառերով, որոնք անսահման ուրախություն ու հաճույք պատճառեցին մեր հայ մանուկներին:
Ծնողների կողմից շնորհակալական խոսքով հանդես եկավ ծնողկոմիտեի անդամ Սուսաննա Մելքոնյանը. «Մեր երեխաներն այսօր հիացրին ամենքիս: Նրանց սահուն խոսքը, ազատ և անկաշկանդ հանդես գալը վկայեց, որ ուսուցչուհու ջանքերը իզուր չեն անցել:
Շնորհավորում ենք մեր զավակներին և մաղթում ուսումնական մեծ հաջողություններ: Անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին, իսկ դասավանդող ուսուցիչներին` անկոտրում կամք և անսասան ոգի: Ծնողների կողմից խորին շնորհակալություն Սամվել և Սերգո Ստեփանյաններին, ովքեր իրենց ներդրումն ունեցան հայկական այս հարմարավետ կրթօջախի ստեղծման գործում, որտեղ մեր երեխաները այսօր մեկ առ մեկ արտաբերեցին Մեսրոպյան տառերը` սովորեցին գրել-կարդալ մեր մայրենի լեզվով, արտասանեցին ու երգեցին միմիայն հայերենով»: