Յուրի Նավոյան. Սարարապատում ծնվեցին Հայաստանի քաղաքացին և հայկական կանոնավոր բանակը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/05/Навоян.jpg)
Հայաստանի Հանրապետության 100–ամյակին նվիրված` «Բազմադարյա Հայաստանի նոր պետական ուղին» հանդիսավոր երեկոն մայիսի 23–ին Մոսկվայի գրողների կենտրոնական տանը համախմբել էր ռուսաստանյան խորհրդարանականներին և քաղաքական գործիչներին, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին և գիտնականներին, գործարարներին և մշակույթի գործիչներին:
Հայկական պատականության վերականգնման նշանակության, ժամանակակից Հայաստանի զարգացման առանձնահատկությունների և հայ-ռուսական հարաբերությունների մասին ելույթներ ունեցան ՌԴ Պետական դումայի պատգամավորներ և հայկական կազմակերպությունների ղեկավարներ, իսկ երեկոյի գեղարվեստական մասում երաժշտական կատարմամբ հանդես եկան հանրաճանաչ արտիստներ:
Մասնավորապես, ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին նվիրված միջոցառումները համակարգող մոսկովյան հանձնաժողովի համանախագահ Յուրի Նավոյանը իր ելույթում նշեց. «Հայ դասական Պարույր Սևակը գրել է. «Սերունդնե’ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»: Կարծում եմ, որ մեծ բանաստեղծի այս պատվիրանը հրատապ է նաև այսօր:
Մենք հիշում ենք Սարդարապատը, ուր տեղի ունեցավ հայ ժողովրդի ինքնակազմակերպումը և սխրանքը, ուր ճակատագրին հակառակ, ֆիզիկական փրկությունը և քաղաքական վերածնունդը մեզ թույլ տվեցին վերականգնելու մեր պետականությունը Հայաստանի պատմական տարածքի մի մասի վրա:
Հենց Սարդարապատում ծնվեց Հայաստանի քաղաքացին, հենց Սարդարապատի տակ դրվեցին հայկական կանոնավոր բանակի հիմքերը:
Այսօր մենք Սարդարապատը հիշում ենք Ռուսաստանում, ուր մեր ժողովուրդն իր աշխատասիրությամբ, արարմամբ և տաղանդով ահռելի ավանդ է ներդնում ռուսաստանյան մշակութային բազմազանությունում և երկրի զարգացման գործում: Խորհրդանշական ու օրինաչափ է, որ ռուսաստանյան զինծառայողները նույնպես մայիսի 28-ին Սարդարապատում կմասնակցեն Հայաստանի Հանրապետության 100–ամյակին նվիրված շքերթին:
Մենք հիշում ենք Սարդարապատը և ցանկանում Հայաստանը դարձնել կայուն, զարգացող և հրապուրիչ երկիր: Վերջերս Հայաստանում քաղաքացիների նոր ինքնակազմակերպում տեղի ունեցավ երկրի զարգացմանը խոչընդոտող արգելքների հաղթահարման համար: Վստահ եմ, որ այս նոր քաղաքական վերածնունդը և հայկական նոր քաղաքացիական էներգիան ի վիճակի են առաջընթաց ապահովելու և հայկական պետականությունը նոր բարձունքի հասցնելու:
Այո’, մենք հիշում ենք Սարդարապատը»: