Վախճանվել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Թոքմեջյանը

ԱՄՆ-ում 89 տարեկան հասակում մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Թոքմեջյանը: Նրա ընտանիքը հայտնում է, որ Թոքմեջյանը երեքշաբթի օրը մահացել է Լոնգ Բիչում գտնվող իր տանը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հանրապետական Ջորջ Թոքմեջյանը երկու անգամ ընտրվել էր Կալիֆորնիայի նահանգապետ՝ այդ պաշտոնում ծառայելով 1983-ից մինչև 1991 թվականը:
Իրավաբան Թոքմեջյանը մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել. չորս տարի եղել է Կալիֆորնիայի գլխավոր դատախազ, 16 տարի՝ նահանգի սենատի անդամ: Հանրապետական կուսակցության Կալիֆորնիայի մասնաճյուղը հայտարարել է, թե վերջին հարյուրամյակի ընթացքում Ջորջ Թոքմեջյանը Կալիֆորնիայի ամենամեծ նահանգապետերից մեկն էր: Ինչպես գրում է «Լոս Անջելես Թայմսը», հայ ներգաղթյալների ընտանիքի զավակ Թոքմեջյանը դարձել էր ամերիկահայ ամենահայտնի քաղաքական գործիչը Միացյալ Նահանգներում՝ նշելով, որ նրա ծնողները Թուրքիայից փախել էին Հայոց ցեղասպանության պատճառով: