Հազվագյուտ լուսանկարներ. ինչպես են հայերն ապրել մինչև Ցեղասպանությունը

Sputnik. Մինչև 1915 թ. Ցեղասպանությունը Թուրքիայում հայերի կենցաղն ու մշակույթը պատկերած հազվագյուտ լուսանկարներ են հրապարակվել IWitness ամերիկյան կրթական պորտալում։ Այս մասին գրում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կայքը։
Լուսանկարները հրապարակվել են Project SAVE Armenian Photograph Archives («Փրկեք հայկական լուսանկարների արխիվը») նախագծի շնորհիվ։ Դրա նպատակը ինչպես արխիվային, այնպես էլ հայերի ժամանակակից լուսանկարները հավաքել, փաստագրել, պահպանել և հանրությանը ներկայացնելն է։ 70 լուսանկարի առաջին հրապարակումը կլրացնի Ցեղասպանությունից փրկված հայերի վկայությունները։ Այդ լուսանկարները պատմում են նախքան Ցեղասպանությունը հայերի տնտեսական բարգավաճման, հալածանքների և բռնության ժամանակ նրանց տոկունության մասին։
Project SAVE”s հիմնել է Ռութ Թովմասյանը 1975 թվականին։ Այդ ընդարձակ և բազմազան հավաքածուն ավելի քան 45 հազար լուսանկար է պարունակում։ Լուսանկարները պատկերում են հայրենիքում և օտարության մեջ ապրող հայերի կյանքի բոլոր կողմերը և ընդգրկում են 1860 թ. մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը։
Նախագծի համակարգողները նպատակ ունեն աշխարհին ներկայացնել հայերի բազմադարյա մշակույթն ու ժառանգությունը, ինչպես նաև քաջալերում են իրենց լսարանին հավաքածուի լուսանկարներն օգտագործել ուսումնասիրություններ անցկացնելու համար։