Վիեննան հյուրընկալել է Եվրահայկական 23-րդ խաղերը
Եվրահայկական 23-րդ սպորտային խաղերն /EAG/ այս տարի տեղի են ունենալու Վիեննայում` մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը։ Ինչպես «Հայերն այսօր»-ին Վիեննայի «Արարատ հայկական միությունից հայտնում է Սեդա Տեր-Մինասյանը, շուրջ 750 մարզիկ աշխարհի 15 երկրից (Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Չեխիա, Ռուսաստան, Նորվեգիա, Վրաստան, Անգլիա, Իտալիա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Հայաստան, Ավստրիա) երեկ երեկոյան մասնակցել են վիճակահանությանը։ Խաղերին մասնակցելու համար Վիեննա են ժամանել մարզիկներ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Միջոցառման պաշտոնական բացումը տեղի է ունենալու մարտի 31-ի առավոտյան։ Ողջույնի խոսքով հանդես է գալու նաև աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Մարզիկները մրցելու են բասկետբոլ, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, բադմինտոն, սեղանի թենիս, նարդի և շախմատ սպորտաձևերում:
Այս տարվա Սուրբ Զատիկի տոնը Եվրոպայի հայերը միասնական նշելու են Սբ. Հռիփսիմե և Մխիթարյան միաբանության եկեղեցիներում։
Հավելենք, որ Համաեվրոպական խաղերն ամենամյա են և տեղի են ունենում եվրոպական որևէ երկրում՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության և դրան նախորդող օրերին: Համաեվրոպական հայկական խաղերի կազմակերպումը նպաստում է նաև սփյուռքահայ երիտասարդների համախմբմանն ու ազգային ինքնության պահպանմանը: