Դուբայում կցուցադրվեն հայկական ժամանակակից արվեստի լավագույն ստեղծագործությունները

Ինչպես հաղորդում է gulfnews.com կայքը, միջազգային ճանաչում ունեցող 21 հայ արվեստագետների 100-ից ավելի աշխատանք կցուցադրվի Դուբայի նորարարական կենտրոններից մեկում (Dubai Design District) գտնվող Art Hub Dubai պատկերասրահում կազմակերպվելիք ցուցահանդեսում, որը բաց կլինի մինչև մարտի 26-ը:
Ցուցահանդեսը կրում է «Ես չեմ վախենում թռչելուց» խորագիրը:
Հայաստանի «Գալա» պատկերասրահի հիմնադիր տնօրեն Նուշիկ Միքայելյանն ընդգծել է, որ առաջինը, որ բոլորն ասում են հայկական արվեստի մասին, տեխնիկայի բարձր որակն է, ինչն անհամեմատելի է: «Սակայն միայն որակը չէ: Դրանում արտահայտված է նաև հայկական մշակույթի խորությունը: Հայկական մշակույթը խորը արմատներ ունի, քանի որ հայ ժողովուրդն աշխարհի ամենահին ազգերից մեկն է: Իսկ ժամանակակից արվեստը համարվում է այդ հին մշակույթի նորովի շարունակությունը»,- ասել է Միքայելյանը:
Նա հավելել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի մարդիկ Հայաստանի հետ ծանոթանան արվեստի միջոցով: