«Մայրենին մեր տան սրբությունն է».Տիգրան Մանսուրյան

Հիրավի, հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին նույնպես կարելի է Մայրենիի անաղարտության պահպանման ջատագովներից համարել, ում խոսքում ակնառու է հայոց լեզվի հանդեպ սերն ու նվիրումը:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մաեստրոն Մայրենիի տոնի առիթով «Հայերն այսօր»-ի խնդրանքով պատասխանել է ոլորտին առնչվող մի շարք հարցերի:
–Մայրենին ինձ համար…
-Մայրենին մեր տան սրբությունն է։
Տունը եթե ճանաչում է ընտանեկան սրբություն, այն արտահայտվում է առաջին հերթին Մայրենիի հանդեպ հավատարմությամբ ու նվիրումով։
Մայրենին հայ մարդու ու հայ հողի, այդ հողի ու այդ մարդու ծնունդ բառի ու բանի ընդհանուր հայտարարն է։
Իմ՝ երաժշտիս, ձայնածավալների շնչառության մեկնակետն է ու հող-հիմքը։
Հայերեն երկու բառով կարող եմ անուն տալ գլխիս վերև տարածվող գիշերային հսկայածավալ աստղաբույլին և իմը դարձնել՝ ասելով «Ծիր կաթին»։
–Մայրենիի տոնը…
-Մայրենիի տոնը ուրախությունն է՝ գիտակցելու ու տեր կանգնելու մեր ունեցած հարստությանը, որ մեր Մայրենին է։
-Արևելահայերենում Ձեր սիրած բառը և արտահայտությունը…
-«Ապրե՛ս, շա՛տ ապրես»:
«Արարատ» բառն եմ սիրում։
–Ամենասիրած արևմտահայերեն բառը կամ արտահայտությունը…
-«Ձագուկս»։
–Մայրենիին նվիրված սիրելի բանաստեղծությունը…
-«Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս», Ե. Չարենց:
–Մայրենիի առաջին ուսուցիչը կամ ուսուցչուհին…
-Արթիկ։ Յուղաբեր Չախոյան։
Իշխանուհու քայլվածքով մտնում էր դասարան՝ մեր հոգիներում հայերենը
խնկարկելու։
Տարիներ հետո տեսա, որ իշխանուհու նույն քայլվածքով համերգասրահի բեմ էր
բարձրանում Զարուհի Դոլուխանյանը՝ երգելու։
–Դասական, թե՞ նոր ուղղագրություն…
-Դասական։
–Մայրենին՝ այսօր…
-Մեր տան կողքը կոշիկի մի խանութ կա։ Խանութի ճակատին հայատառ գրված է «Նայս շուզ»։ Այսպիսի անվանումներով խանութներ մեր քաղաքում շատ կան։ Ինքս ինձ ասում եմ. «Այս խանութների տերերն այս ձևով ծառան են իրենց շահի։ Հավատացած եմ՝ մի օր հարստանալու են և դառնալու են իրենց շահի տերը։ Իմ հարևան խանութին էլ կգրվի «Ընտիր կոշիկ»։ Կգա այդ օրը»։
–Մայրենին՝ երիտասարդների շուրթերին…
-Սիրում եմ մեր երիտասարդներին։ Սիրում եմ, երբ հայերեն են խոսում։
Ավելի եմ սիրում, երբ մաքուր հայերեն են խոսում։ Հիանում եմ, երբ տեսնում եմ, որ Մայրենիի կողքին օտար լեզուների նույնպես տիրապետում են։
Գևորգ Չիչյան