«Հայոց հանճարը, ի հեճուկս մեր թշնամյաց, վերջ չունի, չի ավարտվում».Վարանդ Քյուրքչյան

Հոկտեմբերի 8-ից 12-ը Ծաղկաձորում կայացավ սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համահայկական 6-րդ համաժողովը, որին աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էին շատ գրողներ: Համաժողովի մասնակիցների թվում էր նաև Իրանահայ գրողների միության նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Վարանդ Քյուրքչյանը, ում հետ հնարավորություն ընձեռվեց զրուցելու «Հայերն այսօր»-ի համար. ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:

-Պարո՛ն Քյուրքչյան, այս համաժողովը Ձեզ համար ի՞նչ ընթացք ունեցավ. համաժողովն ավարտվել է և հիմա, հետահայաց, մի քանի օր անց, ինչպիսի՞ մտորումներ ունեք՝ կապված այդ հայահավաք նախաձեռնության հետ:

-Այս համաժողովը բավականին լավ էր կազմակերպված, արդյունավետ և նպատակային էր այն առումով, որ աշխարհի տարբեր ծայրերից եկած հայ գրողները հանդիպեն, շփվեն հե՛նց Հայրենիքում, որը ոգեղեն լիցքեր է տալիս դրսում ապրող հայերին: Համաժողովը փոխադարձաբար հնարավորություններ է ստեղծում, որ մենք համագործակցենք Հայաստանի գրողների, ինչպես նաև՝ համայնքը համայնքի հետ: Արծարծված կարծիքները, առաջարկություններն ու մտահղացումներն անմիջապես չեն կարող արդյունք տալ, ժամանակ է հարկավոր, որ դրանք խմորվեն, հասունանան և դառնան իրականություն, գործի վերածվեն: Լինելով Հայոց ցեղասպանության ամբողջ ցավն ու սարսափը, սպանդն իրենց հոգում, հիշողության մեջ դաջած մի մեծ և եղեռնազարկ գերդաստանի ժառանգ՝ ինձ համար կա մի կարևոր, հայտնի ճշմարտություն՝ այն, որ հայոց հանճարը, հա՛յն առհասարակ, ի հեճուկս մեր թշնամյաց, վերջ չունի, չի ավարտվում:

-Պարո՛ն Վարանդ, Իրանահայ գրողների միությունում բանաստեղծնե՞րն են գերակշռում թե՞ արձակագիրները:

-Սկսեմ երիտասարդներից. նրանց ավագ գրչընկերնե՛րն են խորհուրդ տալիս, թե որ ժանրում են ավելի հաջողակ, սակայն դրանից առաջ փորձում ենք նրանց հայերենի իմացությունը զարգացնել: Կայացած գրողների շարքերում հավասարաչափ են չափածո և արձակ ժանրերով ստեղծագործողները: Պետք է ասեմ, որ 70-ականների 200-250 հազարանոց իրանահայ շենշող համայնքից վերջին տասնամյակների անցուդարձերով, ընդհանրապես, Միջին Արևելքի քաոսային իրավիճակով պայմանավորված՝ շատե՛րն արտագաղթեցին և, բարեբախտաբար, Հայաստան տեղափոխվողներ էլ շատ եղան…Սակայն համայնքից այդ հեռացումն իր էական ազդեցությունը թողեց նաև գրական աշխարհի վրա:

Գաղտնիք չէ, որ պատմավեպ գրողներ գրեթե չունենք. այս ճյուղը նահանջ է ապրում, համամի՞տ եք…

-Համամիտ եմ. ասեմ, որ պատմավեպ գրելն այնքան էլ դյուրին չէ, ժամանակատար է, այստեղ պետք է շատ լավ ուսումնասիրել ժամանակաշրջանը, ստույգ տեղեկություններ տալ, լինել հնարավորինս օբյեկտիվ…

-Որքան էլ պատմագիրը փորձի օբյեկտիվ լինել, միևնույն է, նա անպայման իր գրվածքում սուբյեկտիվություն կդրսևորի…Ասենք՝ ես շարադրում եմ մերօրյա ժամանակաշրջանը և որոշակի երևույթների, անհատների հանդեպ ունեմ իմ անձնական կարծիքը և, բնականաբար, օբյեկտիվության շառավիղը մասամբ անկում է ապրելու…Այսինքն՝ պատմագիրը չի կարող ստույգ վավերագրություն ներկայացնել իր գործում, այս առումով ի՞նչ կասեք:

-Միանգամայն համամիտ եմ. անգամ մեր շատ պատմիչների՝ իրենց ժամանակի թագավորական դինաստիաների հանդեպ ունեցած համակրանքը կամ հակակրանքն արդեն կարող է շեղում լինել օբյեկտիվությունից. այս երևույթը, որքան էլ պատմիչը, գրողը փորձի անաչառ լինել, պատմագրական գործեր ստեղծելիս ինչ-որ չափով անխուսափելի է: Այնքա՜ն թեմաներ կան՝ պատմավեպեր դառնալու…Օրինակ՝ Խաչատուր վարդապետ Կեսարացու մասին, ով Նոր Ջուղա քաղաքում հիմնադրել է Միջին Արևելքի առաջին տպագրական սարքը, Մադրասում լույս ընծայված առաջին տպագիր թերթի՝ «Ազդարար»-ի հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանի մասին կարելի է գրել մի պատմավեպ…

… Մեր պատմավեպը նահանջ է ապրում. սա, անշուշտ, ցավալի երևույթ է, որովհետև պատմավեպի միջոցով կարելի է շենշող գործեր ստեղծել. ինչպես Կոստան Զարյանն է ասել՝ մեր պատմությունը դեռևս ամբողջովին պեղված չէ:

-Հայրենակի՛ց, Դուք բանաստեղծ եք, իսկ պատմավեպ գրելու փորձ արե՞լ եք:

-Սրանից մի 40 օր առաջ 1921-ին Լևոն Շանթի մասին լույս տեսած մի տպագրություն տեսա, որը հիմք ծառայեց, որ ես, սկսած 1921-ից, Երևանի բերդի գրավումից մինչև  Արտազ գավառ, Թավրիզ, հուշակոթողներ, այդ ժամանկներում Թավրիզում աշխատած դերասան-դերասանուհիներ, մտավորականներ…փնտրեմ, գտնեմ, ուսումնասիրեմ և վեպ կառուցեմ: Դրանց հիման վրա ստեղծել եմ 300-400 էջանոց մի վեպ, որը վերնագրել եմ՝ «Քաղաքը»: Լևոն Շանթը, Թավրիզով անցնելիս, մի նամակ-պատգամ է ստանում ծագումով մի հայից, որտեղ գրված էր, որ «քաղաք» բառը երկու կողմից կարդալիս էլ «քաղաք» է կարդացվում. ես ընտրեցի այդ բառը, որը քերականորեն մի բառ է, սակայն այդ վերնագիրն իմ պատմավեպում 4 քաղաք է իրենում պարունակում՝ Երևանը, Թավրիզը, Թեհրանը և Կահիրեն: Մեկ վեպի միջոցով կարելի է հարյուրավոր կերպարներ վեր հանել, ստեղծել…

Քանի՞ գրող է ներգրավված Իրանահայ գրողների միության կազմում:

-Շուրջ 30 գրող է ընդգրկված. ունենք նաև երիտասարդ գրողների բաժին, ուղղություն ենք տալիս նրանց, հանդիպումներ ենք ունենում, սակայն շատ չենք միջամտում նրանց գործերին, մեր շարունակական հետևողականությամբ փորձում ենք չճնշել նրանց:

-Քանի՞ գրքի հեղինակ եք:

-34 գրքերի հեղինակ եմ, որոնց մեծ մասը բանաստեղծական ժողովածուներ են, ունեմ նաև պոեմներ, թատերախաղեր, գրականագիտական ուսումնասիրություններ, թարգմանություններ եմ արել անգլերենից, ֆրանսերենից: Թարգմանել եմ իմ նախասիրած հեղինակների գործերը:

-Տեղյակ եմ, որ այս համաժողովին անդրադարձ է արվել նաև թարգմանական գրականությանը, մասնակցել են թարգմանիչներ, ում ներկայությունը հրաշալի առիթ էր տարբեր գրողների հետ շփվելու, նրանց գործերին ծանոթանալու համար: Որպես թարգմանիչ՝ ի՞նչ ասելիք ունեք թարգմանությունների առիթով:

-Շատ ուրախալի էր, որ համաժողովին ներկա էին նաև թարգմանիչներ: Թարգմանությունը շատ կարևոր է գրողի միջազգային ճանաչման առումով. միայն քո միջավայրում ներկայանալով՝ չես ճանաչվի: Եթե հայերենով չթարգմանվեին Շեքսպիրի, Բալզակի, Մոպասանի և օտարազգի այլ գրողների գործերը, այսօր հայ ընթերցողը կճանաչե՞ր այդ գրողներին: Համագումարից հետո մենք եղանք Օշականում, որտեղ տարվա լավագույն թարգմանչական գրքի առաջին մրցանակը ինձ տրվեց: Այդ գիրքը կոչվում է «Իրանի ժամանակակից պոեզիա». դա 212 էջից բաղկացած անթոլոգիա է, որում ներառված են պարսիկ 100 լավագույն բանաստեղծներ, ում գործերը ես թարգմանել եմ բնագրից: Փորձել եմ ամեն մեկին յուրովի թարգմանել:

-Պարո՛ն Վարանդ, խոսեք, խնդրեմ, նաև Ձեր մասին և Ձեր արմատների. մեր նախնական զրույցում ասացիք, որ կրթություն եք ստացել արտերկրում:

Ես ծնվել եմ Թեհրանում, հորս և մորս ծնողները Արևմտյան Հայաստանից են՝ Կարինից: Հորս կողմը ջարդի ժամանակ 19–ը հարազատի է կորցրել, մորս կողմը՝ 26: Այդ օրերին մեծ հայրս պատահականությամբ է փրկվել՝ գտնվելով հարևան ավանում, բայց կորցրել է իր երեք տարեկան աղջկան, կնոջը: Հետագայում նա հաստատվել  է Քութայիսում, հետո Խարկովում կազմել է երկրորդ ընտանիք՝ ամուսնանալով ռուսի և հույնի աղջկա հետ, իսկ մորս ընտանիքը անապատում էր…հետո մերոնք գնացել են Իրանի հարավային կողմ…Հայի՜ ճակատագիր, հայի՛ բախտ…Մասնագիտությամբ բանասեր եմ, նաև նկարիչ եմ ու երգահան. Սփյուռքում ամենաշատ երգերը ես եմ գրել: Կրթություն եմ ստացել Իրանում, նաև՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում: Հայրս ծանրամարտի չեմպիոն էր, մայրս աշխատում էր կարի արհեստանոցում, 70-ականներին մեր շենքում ապրող ֆրանսիական դեսպանատան կցորդի ընտանիքից սովորեցի նաև ֆրանսերեն, տատիկիցս սովորել էի ռուսերեն: Գրում եմ, թարգմանում, նկարում, դասավանդում, սակայն հիմա որոշել եմ ինձ ամբողջովին նվիրել կերպարվեստին:

Այսպիսին էր իմ հետաքրքիր զրուցակիցը՝ մեր տաղանդաշատ հայրենակից Վարանդ Քյուրքչյանը, ում հետ ունեցած իմ հարցազրույցը, բացի գրողների համաժողովից, ծավալվեց նաև կենսագրական ոչ պակաս  կարևոր ու հետաքրքիր հարցերի շուրջ, որոնց առանցքում տարագիր հայերի մի ժառանգի կյանքի ու հայանպաստ գործունեության պատմությունն է:

Կարինե Ավագյան

Scroll Up