Օդեսայում նշվեց Տեառնընդառաջի  տոնը

Ինչպես հայոց բոլոր եկեղեցիներում, Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  տաճարում ևս նշվեց սերնդե-սերունդ փոխանցված քրիստոնեական այս հետաքրքիր ավանդույթը՝ 40 օրական մանուկ Հիսուսի տաճար ընծայման տոնը՝ Տեառնընդառաջը։

Ծիսակատարությունն սկսվեց փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգությամբ, հընթացս որի «Հայր մեր»-ից առաջ օրվա խորհրդին համահունչ քարոզ կատարեց օդեսահայերի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանը.

 -Տեառնընդառաջի տոնը Տերունի է, քանզի Աստվածահայտնությունը բացահայտող սուրբգրային իրողություն է։ Այսօր ոչ թե հայցելու, այլև սրտաբացության օր է։ Ինչպես Աստվածորդին խոնարհվեց և դեպի մեզ եկավ մեր փրկության համար, այնպես և մենք  պարտավոր ենք՝  Սիմեոն ծերունու  և Աննա մարգարեուհու նման բաց սրտով ընդառաջ գնալ  Նրան՝ մեր Փրկչին

-Արդ, ապրենք ճշմարիտ կյանքով՝ կատարելով Նրա պատվիրանները։

Տեառնընդառաջի հնօրյա ավանդույթներին մեր օրերում հավելել է ևս մեկը՝ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցի եկած նորապսակ  զույգերը ևս օրհնություն ստացան։ Արարողակարգն  ավարտվեց  քահանայի հուսադրող խոսքերով. «Վստահ եմ՝ ճիշտ ընտրություն եք կատարել և Աստծո կամոք կազմել ձեր ընտանիքները։ Թո՛ղ ամուր և անսասան լինեն նրանք՝ հիմնված սիրո ու հավատարմության վրա։ Աստծո օրհնությամբ՝ Սուրբ Աստվածածնի օրինակով, դուք էլ, ձեռքերի վրա պահած՝ ձեր մանուկներին բերեք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  տաճար»:

Այնուհետև, Տեր Հոր առաջնորդությամբ և հոգենորոգ շարականների երգեցողությամբ՝ տոնականորեն զգեստավորված սպասավորները  դուրս եկան եկեղեցու շրջաբակ, ուր և կատարվեց  կատարվեց Անդաստանի արարողությունը։ Ինչպես քնարերգուն է նկարագրել՝

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությու՜ն թող ըլլա…

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերու՜մ թող ըլլա…

Ըստ Գրիգոր Տաթևացու՝  Տյառնընդառաջը նաև լույսի տոն է. «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Փրկչին ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»։

Հետևաբար, սուրբ տաճարի բուն կանթեղից վերցված կրակով  նրան հարակից բակում  բոցավառվեց ավանդական խարույկը՝  իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Եվ ճարճատող խարույկի շուրջ բոլորեց ուրախ պարը, կրկին հավաստելով, որ քրիստոնեական ծեսերն ու տոները  շաղախված են ժողովրդական ավանդույթներով, համեմված են ազգային մշակույթի դրսևորումներով, և յուրաքանչյուրն էլ  յուրովի նման է գեղեցիկ զարդի, որոնք զոդված են անգին քարերով

Հոգևոր հովիվն օրհնեց նաև բակում տեղադրված տոնական սեղանը, որի վրա գտնվող  զամբյուղներն ու սկուտեղները լի էին տոնի խորհուրդը ներկայացնող ուտեստներով։

Հինավուրց  ավանդույթի համաձայն՝ ներկաները հյուրասիրվեցին մեղրաջրով պատրաստված աղանձով ու ավանդական գաթաներով, որոնք մատուցվեցին նրբաճաշակ ձևավորված նվերների տեսքով։  Հյուրասիրությունը, հայ համայնքի մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանի նախաձեռնությամբ, պատրաստվել էր համայնքում գործող տիկնանց միության և երիտասարդ մայրերի խորհրդի համատեղ ջանքերով։ Այն օրինակելի հայուհիների՝ տատիկների ու մայրիկների ջերմ սիրո արտահայտությունը և հմուտ ձեռքերի շնորհքն էր։ Երիտասարդներին ցորենի հասկեր բաժանվեցին՝ հանց բարօրության ու բերկրության, լիության ու առատության խորհրդանիշ և յուրօրինակ մաղթանք նրանց ընտանիքներին՝ մանկանց ծնունդների, գերդաստանների աճի, ամենայն լավի ու բարու։ Իր հետաքրքիր տեսքով սեղանին աչքի էր ընկնում ցորենահասկերից հյուսված փունջը՝ խաչբուռը, որն  իր մեջ ամփոփում էր օրվա խորհուրդը։ Այդ գեղեցիկ խորհուրդն իր հոգում կրել, զգացել ու վարպետորեն բարցրաձայնել է արևմտահայ սիրված բանաստեղծը.

Ես հյուսեցի զանոնք, գիսակ առ գիսակ …

Իմ հույսերուս, իղձերուս հետ հյուսեցի,
          Անոնց մեջ է հույզն արտին, հուրն արևուն,
          Խոփին փայլակն ու թևիս թափն առնացի,
          Պաղատանքն իմ թոռներուն …

  Այս ամենը հրաշալի էր՝ գրավիչ ու խորհրդավոր, հայեցի ու քրիստոնեական։

Իրոք, եկեղեցական ծեսի խորհուրդը միավորվել էր հնուց եկող ժողովրդական գեղեցիկ տոնախմբությանը, որն Օդեսայի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Գագարինյան ծովափնյա բարձունքի վրա վեր հառնած հայկական եկեղեցու բակում շարունակվեց մինչև ուշ երեկո։

Նարինե Մուրադյան, քաղաք Օդեսա

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

Scroll Up