«Հայաստանյան բուհերում շուրջ 4000 սփյուռքահայ ուսանող է սովորում».Կարեն Մնացականյան

ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և Սփյուռքի վարչության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ներկայացնում է ՀՀ կառավարության կողմից սփյուռքահայ ուսանողներին՝  70 անվճար տեղ հատկացնելուն առնչվող հարցերի մանրամասները:

Պարո՛ն Մնացականյան, ՀՀ կառավարության կողմից ե՞րբ է սկսել իրականացվել սփյուռքահայ երիտասարդներին պետպատվերի շրջանակներում ուսուցում տրամադրելու  որոշումը:

 – Այս ուղղորդված և նպատակային քաղաքականությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սկսել է իրականացնել դեռևս 1996 թվականից՝ ՀՀ կառավարության որոշմամբ:

ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի պետպատվերի շրջանակներում 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ այն դիմորդներին, ովքեր ՀՀ բուհերում ցանկանում են հայագիտական ուղղվածության մասնագիտություններ սովորել:

Ծրագրի նպատակը, սփյուռքահայ երիտասարդներին անվճար կրթություն տալու հնարավորությունից բացի, նաև սփյուռքյան համայնքներում հայապահպանության և ազգային ինքնության պահպանման խնդրին նպաստելն է: Սփյուռքահայ երիտասարդները, մասնագիտական որակյալ կրթություն և հմտություններ ստանալուց հետո վերադառնալով համայնքներ, կկարողանան օգտակար լինել հայապահպանության, համայնքային և կրթական գործի կազմակերպման հարցերում:

Հայագիտական մասնագիտությունների մեծ մասը բաժին է հասնում Երևանի  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին, հատկապես մանկավարժական մասնագիտություններին, ինչպես նաև ԵՊՀ-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիային և, բացառության կարգով, երբեմն նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին:

Այս տարի հանգամանքների թելադրանքով փորձել ենք ավանդական սփյուռքից եկած դիմորդներին ավելի շատ ուշադրության կենտրոնում պահել: Առանձնակի աջակցություն է ցուցաբերվել և հատուկ պայմաններ ստեղծվել սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ ուսանողների համար:

Սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման հարցում մեծ ներդրում ունեն ՀՀ սփյուռքի նախարարությունը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը և ՀԲԸՄ-ն:

-Որո՞նք են համարվում հայագիտական մասնագիտություններ:

Որպես ռազմավարություն, եղել և մնում է, իհարկե, մանկավարժությունը, հետո արդեն լեզվաբանությունը, բանասիրությունը, ազգային երգ-երաժշտության, պարուսույցների, թատերական գործունեություն ծավալելուն առնչվող մասնագիտությունները (ռեժիսուրա, արվեստ), որոշ չափով նաև` ճարտարապետությունը:

-Աշխարհագրական պատկերն ինչպիսի՞ն է. ո՞ր երկրներից է հատկապես սփյուռքահայ ուսանողների ակտիվ հոսք նկատվում:

-Ամենամեծ հոսքը նկատվում է Մերձավոր Սփյուռքից, հատկապես` Ջավախքից: Դիմորդներ ունենք Ռուսաստանի Դաշնությունից, Լիբանանից, Իրանից և, իհարկե, Սիրիայից՝ պատերազմական իրավիճակի պատճառով Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների ներկայությամբ: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 1500 սփյուռքահայ ուսանող է օգտվել  ՀՀ կառավարության այս որոշումից:

Երկու տարի ՀՀ կրթության նախարարի հրամանով նախատեսված պետպատվերի տեղերը նախատեսված են եղել միայն Գյումրու բուհեր դիմած սփյուռքահայ ուսանողների համար: Նախաձեռնության նպատակն է եղել կրթական միգրացիայի ռիսկերի նվազեցումը, Գյումրիում ուսանողական կրթական կենտրոնների կայացմանն աջակցելը և քաղաքի՝ կրթական կենտրոն լինելու հանգամանքը հաշվի առնելը: Սակայն այդ մոտեցումն այդքան էլ  չարդարացրեց իրեն:

Չնայած այս տարի էլ որոշակի տեղեր հատկացրել ենք Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի՝ Գյումրիի և Վանաձորի մասնաճյուղերին, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Գյումրիի մասնաճյուղ դիմած այն սփյուռքահայ դիմորդներին, ովքեր համապատասխանել են սահմանված չափանիշներին:

-Պարո՛ն Մնացականյան, քանի՞ սփյուռքահայ ուսանող է սովորում հայաստանյան բուհերում:

-Բուհերի սփռվածությունը բավականին մեծ է: Եթե նկատի ունենանք նաև մասնավոր, միջպետական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող և ուսանողի կարգավիճակ ունեցող երիտասարդներին, ապա թիվը հասնում է շուրջ 4000-ի:

Նշեմ նաև, որ սփյուռքահայ երիտասարդները մասնագիտություն ընտրելիս հիմնականում հաշվի են առնում իրենց բնակության երկրների առանձնահատկությունները: Այսպես, օրինակ, Լիբանանից կամ Սիրիայից եկած ուսանողները ընտրում են ճարտարապետի մասնագիտությունը, Ռուսաստանից եկած ուսանողները՝ տնտեսագիտության ուղին են բռնում: Իսկ բժշկի մասնագիտությունը, կարելի է ասել, ընտրում են գրեթե բոլոր երկրներից եկած սփյուռքահայ դիմորդները, նույնիսկ՝ արտասահմանցիները:

Այժմ աշխատանքներ ենք տանում այս տարվա կտրվածքով դպրոցներում սովորող սփյուռքահայ երեխաների թիվը  ճշտելու ուղղությամբ:

Գևորգ  Չիչյան

Scroll Up