ՀՀ սփյուռքի նախարարը, Կիպրոսից և Հունաստանից ժամանած հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին

Դեկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակություններն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին և հանդիպեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին նշեց. «Մեզ համար շատ ուրախալի է լսել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Հունաստանի ու Կիպրոսի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված այս գեղեցիկ գործակցության մասին, որն ուղղված է երեք երկրների սփյուռքների միջև աշխատանքներ իրականացնելուն: Ճակատագրի բերումով մեր ժողովուրդները հարկադրված են եղել հեռանալ իրենց պատմական հայրենիքից և ապաստան գտնել այլ երկրներում և շնորհիվ տվյալ երկրների հոգատար վերաբերմունքի՝ կազմակերպել են իրենց համայնքները, ազգային, հոգևոր, մշակութային կյանքը: Հայ առաքելական և հունական ուղղափառ եկեղեցիները սերտորեն համագործակցում են միմյանց հետ սփյուռքյան համայնքներում»: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, Սփյուռքում երեք համայնքների փոխադարձ զորակցությունը, որպեսզի կարողանան հասնել իրենց ժողովուրդների դեմ պատմության ընթացքում գործված անարդարության ճանաչմանը և միջազգայնորեն դատապարտմանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար: «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև դեռևս այս տարվա հունիսին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Վաղը Սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռման հուշագիր կստորագրվի նաև ՀՀ սփյուռքի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մենք ևս մեկ անգամ հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեր երկրների սփյուռքների ներուժը համախմբել, և հիմա այստեղ Ձեր օրհնությունն ենք խնդրում»,-նշեց Սփյուռքի նախարարը:
Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը շեշտեց, որ քրիստոնեությունը և եկեղեցին կարևոր կամուրջ են յուրաքանչյուր համագործակցության համար և մեծապես կնպաստեն երեք երկրների սփյուռքների միջև հարաբերությունների սերտացմանը: Տերենս-Նիկոլաոս Քուիքը խոսեց նաև հայ և հունական եկեղեցիների միջև համագործակցության բարձր մակարդակի մասին:
Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն իր խոսքում նշեց, որ Կիպրոսի հայ համայնքն աչքի է ընկնում կազմակերպվածությամբ, և կիպրական կառավարությունը փորձում է համայնքին օգնել բոլոր ոլորտներում: «Մեր երկրները ունեն ընդհանուր նպատակներ, ցանկություններ ու պատմություն: Մենք միավորում ենք մեր ջանքերը, ազգային շահերը, և հայկական, կիպրական ու հունական սփյուռքները հենարան են մեր նպատակներին հասնելու համար»: Նա նաև շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ կատարած աշխատանքների և ներդրած ջանքերի համար:
Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գանձատուն-թանգարան: