Մոսկվայում կայացել է Հայկ Դարբինյանի «Երգ Ջեյնի մասին» գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 19-ին Մոսկվայի գրողների կենտրոնական տանը, «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ ռուսաստանաբնակ հայազգի գրող Հայկ Դարբինյանի «Երգ Ջեյնի մասին» (”Песня о Джейн”) գրքի շնորհանդեսը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Ազնիվ Պարոնյանը, Հայկը ծնվել է 1989 թ. օգոստոսի 27-ին, Երևանում։ Մասնագիտությամբ իրավաբան է: Մոսկվայի գրողների միության անդամ է։ Կարճ ժամանակահատվածում նա կարողացել է սիրվել  ընթերցողների կողմից։ Սա Հայկի չորրորդ  գիրքն է.  նրա գրչին են պատկանում   «Մահվան  ճանապարհ» («Дорога смерти», 2010),  «Իմ մարդասպանների խոստովանությունը» («Признания моих убийц», 2012), «Տանգո ստվերի հետ» («Танго с тенью», 2015)։

«Երգ Ջեյնի մասին» գրքում սիրո հիշողություններ են, հույզեր, անհանգստություններ։ Գեղագիտական բարձր արժանիքներով այս գրքում պահպանված են ռոմանտիզմի սկզբունքները, բայց միևնույն ժամանակ գիրքը հագեցած է սուր հեգնանքով և երգիծանքով, որը հատկապես վերաբերում է ժամանակակից իրականությանը:

Մոսկվայի գրողների կենտրոնական տանը գրքի շնորհանդեսն անցավ ընթերցողների, գրողների և գրականության սիրահարների ակտիվ մասնակցությամբ: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հայկի ընտանիքը, Մոսկվայի և տարբեր հայ համայնքների ներկայացուցիչներ, Մոսկվայի բուհերի ուսանողներ և դասախոսներ։

Scroll Up