Սիրիայի խորհրդարանի նախագահն ընդունեց Սիրիա-Հայաստան գործարար խորհրդի նախագահին

Սիրիայի խորհրդարանի նախագահ Համմուդա Սաբբաղը նոյեմբերի 16-ին ընդունեց Սիրիա-Հայաստան գործարար խորհրդի անդամներ` խորհրդի նախագահ Լևոն Զաքի Եդալյանին, խորհրդի փոխնախագահ Շահե Յագուբյանին և գանձապահ Պատրիկ Այդնյանին: Հանդիպմանը ներկա էին Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ դոկտոր Նորա Արիսյանը և հանձնախմբի անդամները:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Սիրիայի ՍԱՆԱ գործակալությանը, հայտնում է, որ հանդիպման առանցքում Սիրիա-Հայաստան տնտեսական և առևտրական հարաբերություններն էին:
Սաբբաղն իր խոսքի ընթացքում ընդգծեց երկու բարեկամ երկրների միջև տնտեսական համագործակցության կարևորությունը և երկու ժողովուրդների դարավոր հարաբերությունների լույսի տակ՝ հայերին համարելով Սիրիայի ժողովրդի կարևոր մասնիկը:
Սաբբաղն անդրադարձավ նաև ահաբեկչության դեմ Սիրիայի մղած պատերազմի նկատմամբ Հայաստանի կառավարության աջակցող դիրքորոշմանը:
Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ դոկտոր Նորա Արիսյանը հաստատեց, որ խորհրդարանը ձգտում է Սիրիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը` Սիրիա-Հայաստան գործարար խորհրդի ճանապարհով, հատկապես, որ Հայաստանը մասնակցելու է Սիրիայի վերաշինության գործին:
Իր հերթին Լևոն Զաքին ներկայացրեց Սիրիա-Հայաստան գործարար խորհրդի կատարած աշխատանքները և հայտնեց, որ Հայաստանում պետք է իրականացվի սիրիական ապրանքների մշտական ցուցահանդես, որն ապագայում կվերածվի առևտրի փոխանակման կենտրոնի: Լևոն Զաքին նաև նշեց, որ հայկական ընկերությունները շահագրգռված են մասնակցելու Սիրիայի վերաշինության գործին, ինչպես նաև ջանքեր են գործադրվելու առևտրական հարաբերությունները զարգացնելու համար: