Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» գրքի շնորհանդեսը: Գիրքը Հայաստան է բերվել սիրիահայ ընտանիքներին բաժանելու համար: Միջոցառմանը ներկա էին գրքի հայերեն տարբերակի հեղինակներ Արաբական Ծոցի Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար դոկտոր Հրայր Ճեպեճյանը, դոկտոր Արտա Ճեպեճյանը. ինչպես նաև՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, հայաստանյան կառույցի ներկայացուցիչներ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ճորճ Բարսեղյանը, սիրիահայ ընտանիքներ, հյուրեր:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց գրքի լույս ընծայումը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ Ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում ևս ակտիվ գործում է: Համոզված  եմ, որ «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» հայ ընտանիքում մանուկների քրիստոնեական դաստիարակության կարևոր միջոց է»:

«Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» գրքի մասին իրենց դիտարկումները ներկայացրին և արժևորեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Սփյուռք գիտա-ուսումնական կենտրոնի հիմնադիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ, գրաքննադատ Սուրեն Դանիելյանը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ճորճ Բարսեղյանը, Երևանի Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ՝ վեր․ Հովհաննես Հովսեփյանը:

Գրքի ստեղծման աշխատանքների և նպատակների մասին խոսեց Հրայր Ճեպեճյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանն ու Ավետարանչական ընկերակցությանը աջակցության համար և նշեց, որ «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» արդեն հասել է Լիբանանի հայ ընտանիքներին, շուտով կհասնի նաև Հալեպ: «Շնորհակալ եմ, որ կարողացա գրքի մի խմբաքանակ էլ հասցնել Հայաստան, սիրիահայ ընտանիքներին բաժանելու համար». – հավելեց նա:

Scroll Up