«Մուսալեռան 40 օրերը» խորագրով ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով «Մուսա լեռան 40 օրը»  վեպի հիման վրա պատրաստված «Մուսալեռան 40 օրերը» խորագրով ցուցահանդեսը 2015 թվականին առաջին անգամ ներկայացվել է Մոնրեալում՝ օժանդակությամբ Կանադայի կառավարության ներգաղթի և քաղաքացիության նախարարության, ինչպես նաև Ֆրանսիայում Կանադայի դեսպանության:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթին, հայտնում է, որ երկու տարի անց՝ նոյեմբերի 1-ին, ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել Տորոնտոյի կենտրոնական գրադարանում՝ օտար հյուրերի բազմամարդ ներկայությամբ: Ցուցահանդեսը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի միացյալ մարմինը և «Սառա Քորնինգ» հիմնարկը՝ համագործակցությամբ հրեական «Սառա և Շեյմ Նյուբըրգըր» ողջակիզման ուսուցման կենտրոնի Ցեղասպանության և ողջակիզման ուսուցմանը նվիրված շաբաթի նախօրեին: Վերջինս տեղի է ունենում ամեն տարի նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, որին հատուկ հրավերով իր մասնակցությունն է բերում նաև Հայ դատի հանձնախումբը և «Սառա Քորնինգ» կենտրոնը:

Ցուցահանդեսի բացումը կատարել են գրադարանի ղեկավարությունը, իսկ ձեռնարկը վարել է «Սառա Քորնինգ» կենտրոնի վարչական կազմի անդամ Լևոն Սարմազյանը: Ցեղասպանության և ողջակիզման ուսուցման շաբաթվա առիթով խոսք է ասել Հրեական ողջակիզման կենտրոնի ներկայացուցիչը:

Ձեռնարկին գլխավոր հյուրն էր Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին, որն իր խոսքում շեշտել է պատմական իրողությունները հիշելու կարևորությունը և նոր սերունդ դաստիարակելու հանձնառությունը, որը կպայքարի մարդու իրավունքների և խտրականության դեմ՝ կանխելու ապագայի ցեղասպանությունները և մարդու իրավունքների խախտումները ո´չ միայն Կանադայում, այլև ամբողջ աշխարհում: Քաղաքապետը բարձր է գնահատել Տորոնտոյի հայ համայնքն իր մարդկային գիտակցության համար, որը հատկապես դրսևորվել է վերջին երկու տարիների ընթացքում, երբ նրանք մեծ հոգատարությամբ ընդունել են սիրիահայ գաղթականներին:

Ջոն Թորին բարձր է գնահատել հայ ժողովրդի աշխատասիրությունը, մարդասիրությունն ու վերանորոգվելու և վերապրելու կամքը, ինչպես` 1915-ի Ցեղասպանությունից հետո, այնպես էլ Սիրիայի և Իրաքի պատերազմների ընթացքում:

Լևոն Սարմազյանը ներկաներին է ներկայացրել ամենատարեց մուսալեռցի Քրիստափոր Գազանջյանին` իբրեւ ըմբոստության սերնդի ներկայացուցիչ, ապա բեմ հրավիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Օնտարիոյի հանձնախմբի ատենապետ Գրիգոր Շիթիլյանին: Վերջինս հակիրճ ներկայացրել է 100-րդ տարելիցի Կանադայի հանձնախմբի աշխատանքները, հաստատել, որ Մուսալեռան հերոսամարտը միայն մեկն է այն բազմաթիվ ապստամբությունների, որոնք հայ ժողովուրդը իրականացրել է Ցեղասպանության տարիներին, ինչպես` Վանում, Սվազում, Ուրֆայում, Զեյթունում և Այնթապում: Այնուհետև 100-րդ տարելիցի հանձնախմբի անունից շնորհակալություն է հայտնել «Սառա և Շեյմ Նյուբըրգըր» ողջակիզման դաստիարակության կենտրոնին, որը առիթ է ընծայել «Սառա Քորնինգ» կենտրոնի միջոցով ծանոթացնելու Հայոց ցեղասպանությունը «Մուսա լեռան 40 օրերի» ընթացքում:

Միջոցառման ավարտին Տորոնտոյի քաղաքապետին է նվիրվել «Անմոռուկե մատյան» նորատիպ գիրքը, որն ամփոփում Տորոնտոյում  և Հարավային Օնտարիոյում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ տեղի ունեցած ձեռնարկները:

Ցուցահանդեսը տևելու է մինչև նոյեմբերի վերջը:

Scroll Up