Սիրիան հետաքրքրված է իր շուկայում տեսնել հայկական արտադրության ապրանքներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/10/դեսպան.jpg)
Հոկտեմբերի 18-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց ՍԱՀ Էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Ահմադ Սամիր Խալիլի հետ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների աշխուժացման հեռանկարները: Նախարար Խալիլը նշեց, որ Սիրիան մեծապես հետաքրքրված է տեսնել հայկական արտադրության ապրանքներն իր շուկայում՝ ընդգծելով, որ ներկայումս առկա են բոլոր նախապայմանները հայ-սիրիական առևտրական համագործակցությունը վերսկսելու համար:
Իր հերթին դեսպանը նշեց, որ երկու պետությունների ավանդական պատմական առնչությունները և քսանհինգամյա դիվանագիտական հարաբերություններն ու առևտրատնտեսական գործակցության ավանդույթները մեծ ներուժ են հաղորդելու համագործակցության երբեմնի աշխուժությունը վերականգնելու համար:
Նախարար Խալիլը և դեսպան Փոլադյանն անդրադարձան Սիրիայի տնտեսության վերականգնման գործում Հայաստանի մասնակցության հնարավորություններին գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել: