Բրյուսելում մեկնարկել է Եվրոպահայերի 4-րդ համագումարը. տեսանյութ
Հոկտեմբերի 18-ին Բրյուսելի Հայ տանը կայացել է Եվրոպահայերի 4-րդ համագումարի բացման պաշտոնական արարողությունը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Վերջինս շնորհակալություն է հայտնել Արցախի Նախագահ Բակո Սահակյանին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որոնք կարողացել են իրենց ներկայությամբ պատվել համագումարը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահը խոսել է չորս տարիների ընթացքում իրենց կատարած գործունեության և աշխատանքների մասին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը, Հայաստանի Հանրապետության հետ գործակցությանը, Բելգիայում ՀՀ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությանը, ջավախքահայության հետ տարվող աշխատանքներին և վերջապես Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին, որոնք ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքների կիզակետում են:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր ելույթի խոսքում արժևորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու և իրականացնելու տարբեր ծրագրեր Սփյուռքի հայկական համայնքների, մայր Հայաստանի և Արցախի շարունակական զարգացման ու զորացման ուղղությամբ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես սատարում են Արցախին, ապրում նրա հոգսերով, անում հնարավորը տարբեր ատյաններում Արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու և մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար:
Այնուհետև Նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն իր ողջույնի խոսքում անդրադարձել է հայ ժողովրդի ազգային պահանջատիրությանը, որի հիմքը և մեկնակետը Հայաստանի հզորացումն է, Արցախի ժողովրդի անկախ և ազատ ապրելու իրավունքի պաշտպանությունն ու ամրապնդումը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը իրավական հարթակ տեղեփոխելու աշխատանքները:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ողջույնի խոսքում կարևորել է քաղաքական, պատմական, ազգային մեծ հնչեղություն ունեցող համաժողովի անցկացումը, որի օրակարգում քննարկվելու են Հայոց ցեղասպանությանը, Արցախի հիմնախնդրին, հայապահպանությանը նվիրված շատ կարևոր հարցեր:
Նախարարն անդրադարձել է Եվրոպայում հաստատված հայերին, ովքեր անուն և պատիվ են ձեռք բերել դեռևս անհիշելի ժամանակներից և իրենց ավանդը ներդրել նաև համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը: Հրանուշ Հակոբյանը խոսել է նաև Սուրբ Ղազար կզում հաստատված Մխիթարյանների միաբանության, Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան թանգարանի մասին:
Նախարարն իր ելույթում կարևորել է հայրենադարձության հարցը, անդրադարձել հայկական համայնքից հեռացածների խնդրին՝ հայադարձությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ միասնաբար պետք է կարողանանք հզորացնել Հայաստանը:
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ իրենք աշխարհով մեկ փորձում են աշխատանքներ իրականացնել՝ ի նպաստ Հայրենիքի հզորացման և ծառայություն Հայ դատի:
Համագումարի պաշտոնական բացման արարողությունն իր ողջունի խոսքով եզրափակել է Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելին:
Համագումարի բացման պաշտոնական արարողությունից հետո սկսվել է «Հայապահպանություն՝ գոյատևման հիմնական ազդակ» խորագրով նիստը, որի ընթացքում բանախոսելու են ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ատենադպիր, Մոնրեալի Սուրբ Հակոբ վարժարանի հայեցի դաստիարակության պատասխանատու Մհեր Կարագաշյանը, Կիպրոսի Մելքոնյան և Փարիզի Հրանտ Տինք վարժարանների Հայերեն լեզվի դասավանդման պատասխանատու, մանկավարժ Կարապետ Դաքեսյանը, Հունաստանի Հայ Կապույտ խաչի Լևոն և Սոֆիա Հակոբյան Ազգային վարժարանի նախկին տնօրեն Միհրան Քյուրդօղլյան: Նիստը վարելու է Համազգայինի կետրոնականվարչութեան ատենապետ ՄկրտիչՄկրտիչյանը:
Հավելենք, որ համագումարն անդրադառնալու է 4 կարևոր թեմաների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջատիրական պայքարին, Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքին, Հայաստան-Եվրամիություն երկկողմանի հարաբերություններին, Հայապահպանության խնդիրներին: