«Ինձ համար ամենից կարևորը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքում արծարծված հարցերն ու առաջարկները կյանքի կոչելն է». Սուրեն Շերիք

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներից շատերը դեռևս Հայաստանում են. նրանցից ոմանք մնում են՝ մասնակցելու Երևանի տոնակատարությանն ու վայելելու աշնանային քաղաքը: Նրանցից մեկի՝ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքից ժամանած դոկտոր Սուրեն Շերիքի հետ զրույց ունեցա «Հայերն այսօր»-ի համար, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Բարո՛վ եք եկել Հայրենիք. գիտեմ, որ եկել էիք ՝ մասնակցելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, ուստի պետք է խնդրեմ, որ ներկայացնեք Ձեր տպավորությունները :

-Ես Հայաստան եմ եկել՝ ոչ միայն համաժողովին մասնակցելու, այլև՝ վայելելու երևանյան աշունը, մասնակցելու քաղաքի տոնակատարությանը: Սովորաբար, մենք՝ ես ու տիկինս՝ Մարգոն, գրեթե ամեն տարի այցելում ենք Հայրենիք և հատուկ ընտրում ենք սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբեր ամսվա սկիզբը, որովհետև դա հիասքանչ ոսկե աշնան ընթացքն է: Համաժողովը շատ լավ էր կազմակերպված, այդ առումով խոսք չունեմ, հսկայական աշխատանք էր արված, որի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարին և նախարարության բոլոր աշխատակիցներին: Ինձ համար ամենից կարևորը համաժողովի ընթացքում արծարծված հարցերը, մտահոգություններն ու առաջարկները կյանքի կոչելն է: Հարկավոր է խոսքից անցնել գործի: Հիմնականում դա՛ եմ ակնկալում համաժողովից, կարևորն արդյունքն է:

-Պարո՛ն Շերիք, ի՞նչ եք կարծում՝ այս համաժողովը դրական որևէ տեղաշարժ կգրանցի՞ Հայաստանի զարգացման և Հայաստան-Սփյուռք կապերի առավել սերտացման ու համագործակցության առումով:

Բավականին հետաքրքիր հարցում է, սիրով և անկեղծորեն կպատասխանեմ, որովհետև մտածումներիս ու սրտիս մոտիկ է հարցը. մեծ ակնկալիքներ չունեմ համաժողովից, հույսեր ունեմ միայն: Կարծում եմ՝ պետք է գործնական քայլեր ձեռնարկել, դուրս գալ խոսքի, զեկուցումների դաշտից, բարձրացված յուրաքանչյուր հարց լուծելու համար որոշակի ժամկետներ սահմանել և արդյունք ստանալ, պահանջել կատարված ներդրումների ցանկը: Իհարկե, համաժողովները անմիջական արդյունքներ չեն կարող տալ:

-Անկախ համաժողովից՝ որպես հայրենասեր հայ, ո՞րն է Ձեզ համար այս պահին Հայաստանի զարգացման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման առումով առաջնահերթ խնդիրը:

-Ես մի կարևոր մտածում ունեմ՝ արդյո՞ք Հայաստանն ու Սփյուռքը նույն ճանապարհով են ընթանում: Հայաստան-Սփյուռք առավել սերտ համագործակցության զարգացումն եմ համարում առաջնահերթ խնդիր:

-Համաժողովի ընթացքում հնչած ելույթներից, բազմաթիվ առաջարկներից ո՞րն էր Ձեզ առավել սրտամոտ:

Ինձ դուր եկավ պաշտպանության թեմայով զեկուցումը. հայապահպանության, հայոց  լեզվի, հայ դպրոցի պահպանման հարցերին վերաբերող ելույթներն եմ շատ կարևորում: Սփյուռքում անհրաժեշտ է ունենալ լավագույնս մասնագիտացված հայոց լեզվի մանկավարժներ:

Պարո՛ն Շերիք, ի՞նչ մասնագիտություն ունեք և ներկայումս ի՞նչ աշխատանք եք կատարում Ֆրանսիայում՝ ի շահ հայության:

-Մասնագիտությամբ քիմիագիտության գծով ինժեներ եմ, կոչումով՝ ակադեմիկոս, դոկտոր. համալսարանից դուրս եմ եկել և, մասնագիտանալով կաուչուկի գործում, աշխատել եմ այդ ոլորտում: Ես ծնվել եմ Ստամբուլում, 40 տարի է, ինչ գաղթել ենք Ֆրանսիա, ուր 40 տարի շարունակ աշխատել եմ քիմիագիտության ոլորտում, սակայն արդեն 10 տարի է, ինչ թոշակի եմ անցել ու մշակութային- հասարակական գործունեություն եմ ծավալել՝ աշխատելով հայկական «ԱՅԲ» ռադիոկայանում, որտեղ մի շարք հաղորդաշարեր եմ արել և սիրով շարունակում եմ այդ աշխատանքը: Առաջին հաղորդաշարս կոչվում էր ՝«Հինն ու նորը», որին հաջորդեց «Ի՞նչ գիտենք» վերնագրով հաղորդաշարը, երրորդ հաղորդաշարը կոչվում էր «Առակ մը», որի ընթացքում ես ներկայացնում էի հայկական մի առակ, առած, մեկնաբանում այն և ծավալվում դրա շուրջ, չորրորդ հաղորդաշարը, կոչվում էր «Մեր լեզուն», արդեն կես տարի է, ինչ ներկայացնում եմ հաջորդ հաղորդաշարը՝ «Արևմտահայ արդի գրականությունը»: Դրանք բոլորն իմ հեղինակային հաղորդաշարերն են:

… Փաստորեն, Դուք, չլինելով բանասեր, լեզվաբան, գրական-գեղարվեստական հաղորդումներ եք պատրաստում, վարում դրանք, ասմունքում…որտեղի՞ց այդ շնորհը:

-Դեռևս դպրոցական տարիներին տարված էի մաթեմատիկայով, սիրում էի ճշգրիտ գիտությունները, բայց միևնույն ժամանակ հոգով գրական աշխարհում էի, իմ ձեռքին միշտ մաթեմատիկայի գրքեր էին և գեղարվեստական որևէ գիրք:

Մոտենում է Երևանի տոնը. ի՞նչ կմաղթեք 3000-ամյակի շեմին մոտեցող մեր ծեր ու հավերժ երիտասարդ վարդագույն մայրաքաղաքին:

Մաղթում եմ, որ ավելի բարետես դառնա, մաքուր լինի, որպեսզի քաղաքաշինությունը թամանյանական երազանքին մոտ լինի, քաղաքի համայնապատկերը չաղավաղվի հայկական ավանդական ճարտարապետական լուծումներից զուրկ նորաոճ շենքերով, կառույցներով, որոնցով արտերկրից եկած հյուրերին չես զարմացնի: Թո՛ղ հավերժի Երևանը:

Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up