Ինքնայրումով մի կյանք՝ հանուն հայության

Հայաստան-Սփյուռք 6-րդ  համաժողովի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից Հայրենիք ժամանած  մտավորականներին, ազգային ու քաղաքական գործիչներին, լրագրողներին միավորողը փոխադարձ վստահության, միասնականության ու պատասխանատվության  գաղափարն էր, որոնց շուրջ ծավալված տարբեր  ելույթները, հնչած կարծիքները, առաջարկություններն, անշուշտ, ժամանակի ընթացքում, ի շահ հայության, կյանքի կկոչվեն համատեղ ուժերով: Համաժողովի մասնակիցների թվում էր նաև Կանադայի Մոնրեալ քաղաքից ժամանած սոցիոլոգ-մանկավարժ, լրագրող, գրող Վարդի Դանիելյանը, ում հետ զրույց  ունեցա «Հայերն այսօր»- ի համար:

-Տիկի՛ն Վարդի, տեղյակ եմ, որ մինչև  համաժողովը  եղել եք Արցախում… Ձեր դեմքի արտահայտությունն անգամ հուշում է, որ շատ տպավորված եք և  ասելիքի հեղեղ ունեք…

 -Այո՛, այդպես է… Կանադայի «Հորիզոն» թերթի խմբագիր պարոն Վահագն Կարագաշյանի գլխավորությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական  շարժման շրջանակներում, 28 հոգով եղանք Արցախում, 5 օր վայելեցինք այդ դրախտավայրի հրաշագեղ բնությունը. չեմ կարող մեկ կամ մի քանի բառերով նկարագրել հիացմունքս, հուզմունքս…Արցախը՝ հրաշագեղ, մարդիկ՝ բարի, շիտակ, հյուրասեր, աշխատասեր… Հանգրվանեցինք Ստեփանակերտում, արցախցիների հետ միասին Արցախի տոնակատարության օրը գնացինք դեպի հրապարակ, մասնակից դարձանք տեղացիների ուրախությանը. այդ օրը մեզ համար հաղթանակի պես մի բան էր:  Շրջեցինք  Արցախի տեսարժան վայրերով, եղանք գյուղերում, եղանք Շուշիում, մոտիկից շփվեցինք, զրուցեցինք տեղի ժողովրդի հետ, լսեցինք նրանց անուշ բարբառը, հանդիպեցինք սահմանները պաշտպանող զինվորներին: Տպավորված եմ Արցախ աշխարհով, իսկ ամենից շատ՝ տեղի ժողովրդի ջերմությամբ, գրկաբաց ընդունելությամբ: Ես մտորում եմ՝ ուր պետք է գամ ապրելու՝ Արցա՞խ թե՞ Երևան. ավելի հավանական է՝ Արցախում:

-Հարգարժա՛ն հայրենակցուհի, ասացեք, խնդրեմ, թե այս համաժողովն ինչպիսի՞ խորհրդածությունների  առիթ տվեց  Ձեզ:

-Առաջին  հերթին  ինձ հուզում  են հայոց լեզվին առնչվող խնդիրները. ինչու՞ պետք է իմ  Հայրենիքի մայրաքաղաքում՝ Երևանում, ավելի շատ հանդիպեմ անգլերենով գրված ցուցանակների, հաղորդումների վերնագրերի, լսեմ ռուսերեն արտահայտություններ…Ո՞ր անգլիացին հայերենով կգրի իր խանութների վրա, հաղորդումների վերնագրերը  կդնի հայերեն…Շատ կարևոր է մշակույթը պահպանել ոչ միայն Սփյուռքում, այլև՝ Հայաստանում. թատրոնը պետք է լինի իր նախկին բարձունքի վրա, պետք է վերականգնել թատրոնի  հեղինակությունը, որովհետև այն  սովորեցնում է և՛ լեզու, և՛ մշակույթ, դաստիարակչական հսկայական նշանակություն ունի: Երբ 1988-ին Հայաստան եկա, հաճախեցի թատրոն, այն ժամանակ դերասանը կարգին խոսք ուներ, այս  այցիս ևս գնացի ներկայացումներ դիտելու…այնքա՜ն աղմուկ կա ներկայացումների ընթացքում, արագ-արագ են խոսում, խոսքը տեղ չի հասնում… այս մասին ևս  պետք է մտածել: Թատրոնն է, որ   սերունդներ է կրթել դարեր շարունակ: Ինչ վերաբերում է բուն համաժողովին, ասեմ, որ այն կազմակերպելը շատ լավ երևույթ է, սակայն, իմ կարծիքով, կազմակերպչական հարցերում թերություններ կային. բնականաբար, դժվար էր այն կազմակերպելը, հուսամ, որ հաջորդ անգամ ամեն ինչ անթերի կլինի: Անշուշտ, համաժողովի ընթացքում որոշ մասնակիցների հետ համագործակցության եզրեր գտանք, սակայն մասնակիցների  թիվն այնքա՜ն շատ էր, որ հնարավոր չէր մեծ մասի հետ շփվել, զրուցել, ծանոթանալ նրանց գործունեությանը, ծրագրերին: Մասնակիցների մեծ մասը խոսում էր տնտեսության մասին և, ցավոք, արտագաղթի, Հայաստանի ներկայիս խնդիրների,  հայրենադարձության  ծրագրի  մասին համարյա չխոսեցին, անարդար է…Հայրենադարձություն բառն էլ ես կփոխարինեի հայրենատիրություն բառով:

-Տիկի՛ն Վարդի, հնչած ելույթներից  ու՞մ  խոսքն էր Ձեզ համար ամենատպավորիչը:

-Կանադայից ժամանած ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանինը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանինը: Լեզվի խնդիրների մասին խոսեցին և կրկին ասվեց, որ մեր պետական լեզուն հայերենն է. կարծում եմ, որ այստեղ որոշակի և անպայմանորեն կատարվելիք ծրագիր էր պետք ներկայացնել, այսինքն՝ շարունակ ելույթներ ունենալ ցավոտ հարցերի մասին, քի՛չ է, վաղուց ժամանակն  է՝ խոսքից  գործի անցնելու:

-Ամփոփենք  համաժողովի  մասին  Ձեր  խոսքը. ինչպե՞ս եք գնահատում այն:

-Դրական եմ գնահատում, որովհետև լավ նախաձեռնություն եմ համարում, սակայն կարևորն արդյունքները, գործնական քայլերն են: Կային  նաև շատ անհետաքրքիր  ելույթներ, որոնց հեղինակներն այնքան արագ-արագ էին խոսում, որ դահլիճում նստածներից շատերը ծափահարություններով ցանկացան դադարեցնել: Կարևոր համաժողով էր, ուստի ելույթները պետք է հստակ, նպատակասլաց, բովանդակալից ու իրաատեսական լինեին: Խոսվեց ներդրումների մասին.  դրսից ներդրում անողին պետք է հավատ ներշնչել: Ամեն աշխատանք պետք է թափանցիկ լինի:

-Ես գիտեմ, որ Դուք շատ եք սիրում Հայաստանը և ցանկություն ունեք Հայրենիքում տուն գնելու, ծրագիր ունեք՝ կապված մի դպրոց կամ մի դասարան ստեղծելու…Խոսեք, խնդրեմ, նաև այդ մասին՝ հնարավորինս  բացելով փակագծերը:

-Այո՛, ունեմ այդպիսի մտադրություն, որի առիթով պետք է խորհրդակցեմ Սփյուռքի հարգարժան նախարարի՝ տիկին Հակոբյանի հետ, իսկ Հայաստանի հանդեպ ունեցած սերս անսահման է:

-Տիկի՛ն Վարդի, Դուք հանդիպել  և  հարցազրույց եք ունեցել «Կարին» ազգագրկան պարախմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ. մասնավորապես ինչի՞ շուրջ ծավալվեց  Ձեր զրույցը, կարծեմ՝ Դուք նաև  ազգագրական պարերի բացատրության համար էիք  նրան հանդիպել…

-Այո՛, այդ մասին ես արդեն ասել եմ. ինձ անչափ հետաքրքիր են մեր պարերի անվանումների, ամեն մի շարժման  բացատրությունները, ծագման  պատմությունը, տարազների, պարեղանակների ընտրությունը, որոնց մասին հանգամանալից զրուցեցինք Գինոսյանի հետ, որի համար անչափ շնորհակալ եմ նրան: Ցանկություն ունեմ՝ այդ ամենը սովորեցնել Կանադայի հայ աշակերտներին, պարը՝ որպես դասաժամ,  ներառել ուսումնական ծրագրում: Այս հարցով պետք է խոսեմ մեր հոգաբարձուների խորհրդի, մեր Սրբազանի հետ:

Ձեր բնակավայրում Դուք մանկավարժության բնագավառում  ուրույն ներդրում ունեք, Ձեր  աշակերտներին սովորեցրել եք մեր ավանդապատումները, ծանոթացրել հայկական ավանդական ծեսերին, մեր առասպելական հերոսների մասին պատմել՝ հավելելով Ձեր ստեղծագործական մոտեցումը, ինչպիսի՞ն է աշակերտների արձագանքը:

Նրանք շատ հաճույքով են լսում, հարցեր տալիս. մի օր ինձ հարցրեցին, թե  արդյոք մեր առասպելական հերոսներից  Տորք Անգեղը  մանկություն չի՞ ունեցել, ես նրանց համար հորինեցի Տորք Անգեղի մանկության պատմությունը: Սովորաբար, հունական չաստվածներն (ինձ համար նրանք չաստվածներ են) իրենց դիցաբանական պատմության մեջ նկարագրվում են՝ սկսած մանկությունից, իսկ մեր հեթանոս շրջանի աստվածներից, թերևս, միայն Վահագնը ունի մանկության թեթևակի դրվագ և  մեր էպոսի դյուցազուն Սասունցի Դավիթը: Ես միշտ աշխատել եմ իմ աշակերտներին մտցնել այն մեծ աշխարհ, որը կոչվում է Հայաստան: Մեր պատանիները հայեցի կրթություն են ստանում, ունենք Հայաստանից ստացած գրականություն, արևմտահայերենով գրականություն, 6-ից մինչև 8 տարեկանների համար ունենք  մանկական գրականություն, բայց 12-13 տարեկանններին դրանք այլևս հետաքրքրիր չեն, նրանք ավելի շատ հետաքրքրված են ազգագրական պատմություններով, արկածային գրականությամբ, ուստի ես աշխատում եմ  ծրագրում ներառել այդ թեմաները, նույնիսկ այնպիսի պատմություններ, որտեղ սիրային փոքրիկ դրվագներ կան:

Պատմե՛ք, խնդրեմ, Ձեր վարժարանի գործունեության և կանադահայության, հայկական համայնքների մասին:

  -Մոնրեալի Սուրբ Հակոբ մեր վարժարանն ունի 700 աշակերտ, ունի մանկամսուր, ուր հաճախում են մինչև 3 տարեկան երեխաները: Վարժարանն ավարտում են12-րդ դասարանում՝ ստանալով հայեցի կրթություն ու դաստիարակություն: Շաբաթօրյա, կիրակնօրյա վարժարաններ ունենք այն աշակերտների համար, ովքեր հայկական լիարժեք վարժարան չեն հաճախում: Մեր վարժարանը նաև հավաքատեղի է. այնտեղ մեծերն իրենց ժողովներն են անցկացնում, փոքրիկներն՝ իրենցը, սկաուտներն՝ իրենց ժողովները: Մենք պարախումբ ունենք, երգչախումբ, հեռուստատեսություն: Բավականին աշխույժ է կանադահայության կյանքը, մանավանդ՝  տորոնտահայությանը: Հայկական համայնքին նոր շունչ բերեցին սիրիահայերը, մենք Կանադա եկող յուրաքանչյուր սիրիահայի համար անշահախնդիր կերպով պատրաստում էինք կացարանը, կահավորում, սնունդ ու հագուստ պատրաստում:

-Տիկի՛ն Վարդի, գիտեմ, որ Դուք  մշտապես թղթակցել եք տարբեր թերթերի,  գրել մանկավարժությանն  առնչվող աշխատություններ, հոդվածներ…

-Այո՛, ես  բազմաթիվ հոդվածներ եմ գրում, որոնցից մի  մասը տպագրվում է Կանադայի «Հորիզոն» թերթում, ինչպես նաև՝ մանկավարժական աշխատություններ…Վերադարձիս պետք է գրեմ Արցախ կատարած այցելության տպավորություններիս մասին:  Եղել ենք զորամասում, ուր հարցազրույց եմ ունեցել  մի գնդապետի հետ, ով մասնակցել էր Աղդամի մարտերին:  Այս պահին չեմ դասավանդում, զբաղված եմ մի շարք նյութեր գրելով, սակայն մշտապես վարժարանի, աշակերտների հետ եմ. ես հոգով ու սրտով միշտ այդ  սիրելի աշխարհում եմ, զբաղվում եմ արտադպրոցային աշխատանքով: 30-ից ավելի մանկավարժական հոդվածներ եմ գրել միայն «Հորիզոն»-ի համար. նպատակ ունեմ իմ բոլոր հոդվածներն ամբողջացնել մի գրքում, պետք է  անդրադառնամ  նաև հայրիկիս, նրա մասին ևս գիրք պետք է գրեմ, որովհետև հայրս 9-ը տարեկանում ականատեսն է եղել Հայոց  ցեղասպանության, հետագայում գրառումներ է արել, և ես նրա բոլոր ձեռագրերը պետք է հանձնեմ Երևանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Ահա այսպիսին է կանադահայ մտավորական Վարդի Դանիելյանը՝  չափազանց հայրենասեր, հայասեր ու հայերենասեր, գործունյա, արդարամիտ, աշխատասեր ու աննկարագրելի ազգասեր, ում հետ ծավալված իմ զրույցը կարող էր անվերջ  շարունակվել, եթե  նորին մեծություն ժամանակը  նույնպես անվերջանալի լիներ: Վարդի Դանիելյան  հայուհու  կյանքն ու ծավալած գործունեությունն ամբողջապես անանձնական է, որը կարելի է բնութագրել  մեկ  արտահայտությամբ՝   ինքնայրումով  մի կյանք՝ հանուն հայության:

Կարինե Ավագյան

Scroll Up