«Իմ այս այցելությունը Հայրենիք բերքառատ է՝ մասնակցություն համաժողովին և գրքերիս շնորհանդեսն աշնանաբույր Երևանում».Արմինե Մինասյան
«Փոխադարձ վստահություն, միասնականություն, պատասխանատվություն» խորագիրը կրող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից Երևանի Կարեն Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրում մեկտեղված հայ մտավորականները, ազգային-մշակութային, քաղաքական գործիչներն իրենց ելույթներում արծարծում էին տարբեր հարցեր՝ միտված Հայաստանի զարգացման հիմնախնդիրներին, արտաքին արդի մարտահրավերներին, Հայաստան-Սփյուռք գործակցության հետագա զարգացման, ազգ-բանակ հավաքական ներուժի զարգացման, հայապահպանության գործում մշակույթի դերի, Արցախի հիմնահարցի կարգավորման, Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության և այլ խնդիրներին: Համաժողովի մասնակիցներից «Հայերն այսօր»-ի համար առիթ ունեցա զրուցելու Նյու Յորքից ժամանած իրանահայ, դեռևս Նոր Ջուղայում՝ ՀՕՄ-ի անդամ, Համազգային հայ կրթական և մշակութային միության անդամ (հետագայում և ներկայումս՝ ատենապետուհի), լրագրող, մանկավարժ, ԱՄՆ-ում հայտնի դիմահարդար, բանաստեղծուհի, հրաշալի մտավորական Արմինե Մինասյանի հետ, ով պատրաստվում է նաև «Հայրենիքիս ճամփեքով» հայրենասիրական բանաստեղծությունների և «Սիրո արահետներ» իր երկու ժողովածուների շնորհանդեսն անցկացնել Հայրենիքում:
-Արմինե՛, Դուք կրկին Հայրենիքի ճամփեքին եք, այդպես եք վերնագրել նաև Ձեր բանաստեղծությունների ժողովածուն. սկսենք մեր զրույցը համաժողովի մասին ունեցած Ձեր տպավորություններից և ակնկալիքներից:
-Շատ ուրախ եմ, որ նման հայահավաք համաժողով գումարվեց: Ինձ ամենից շատ հուզում է Սփյուռքում հայ մշակույթի պահպանումը և սփյուռքյան երիտասարդության ներկայիս վիճակը. նոր սերունդը դժվարությամբ է մասնակցում ազգային-մշակութային միջոցառումներին, երիտասարդները ցանկություն չունեն ներգրավվելու որևէ կազմակերպությունում: Դրսում շատ կարևոր է կազմակերպությունների, եկեղեցու դերը, որովհետև անհատապես չես կարող մշակույթ պահպանել. եթե չես անդամակցում որևէ կազմակերպության, չես կարող ազգապահպան կարևոր գործեր անել: Համաժողովից ես ակնկալում եմ նաև այս հարցերի լուծման ճանապարհները: Իմ զեկուցման թեման հե՛նց առնչվում էր Սփյուռքում հայապահպանությանը, լեզվի խնդիրներին, մշակույթին…Պակաս մտահոգիչ չեն ինձ համար նաև Հայրենիքում ամենուր աչք ծակող անգլերենով գրված ցուցանակները, գովազդային վահանակները, հայկական հեռուստաընկերությունների եթերում շարունակ հնչող անգլերենաբառ հաղորդաշարերի վերնագրերը: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում հայոց լեզուն պետք է ապրեցնել, պահպանել, անաղա՛րտ պահել: Ինձ համար ողջ կյանքում ամենից կարևորը հայոց լեզվին ու գրականությանը, Հայրենիքին ծառայելն է եղել: Իմ այս այցելությունը Հայրենիք բերքառատ է՝ մասնակցություն համաժողովին և գրքերիս շնորհանդեսն աշնանաբույր Երևանում:
–Առաջին անգամ «Հայերն այսօր»-ի համար ունեցած մեր հարցազրույցում հիմնականում արծարծվում էր Ձեր անցած ստեղծագործական Ճանապարհը, Համազգայինում կատարած Ձեր հասարակական աշխատանքը և առավելապես՝ Ձեր հայրիկի՝ իրանահայ հայտնի մատենագետ, Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի մատենադարանի ձեռագիր գանձերի վաստակաշատ գիտաշխատող, ուսուցիչ, գրող, նկարիչ Լևոն Մինասյանի աշխատանքային գործունեությունը. այսօր ուզում եմ շեշտադրել Ձեր երկու ժողովածուների թեմաները, պատմեք, խնդրեմ, դրանց ստեղծման շարժառիթների մասին:
– Վերջերս ՀՕՄ–ի հետ, նախքան համաժողովը, գնացել էինք Արցախ՝ մասնակցելու Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի բացմանը: Ճանապահին ես հիանում էի ցորենի արտերով, բնության անկրկնելի տեսարաններով, և հենց այդ ժամանակ էլ ծնվեց գրքիս առաջին էջում զետեղված բանաստեղծությունը: Այդ ցորենի արտերն ինձ հիշեցրեցին իմ ծննդավայրի՝ Փերիայի գավառի Խոյգյան գյուղի արտերը, ցորենի հատիկները կտցահարող ճնճղուկներին:
-Որքա՞ն ժամանակ պահանջվեց գիրքը գրելու համար:
-Գրքում ամփոփված են հայրենասիրական թեմաներով գրված նաև ոչ նոր գործեր. հավաքեցի բոլորը և զետեղեցի գրքում. իմ Հայրենիքի ճամփեքին, Հայրենիքիս սիրուց ծնված բանաստեղծություններ են դրանք: Գրքի խմբագիրը Արվեստի և գրականության թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն է, առաջաբանի հեղինակներից մեկը գրող, հրապարակագիր Գրիգոր Ջանիկյանն է, մյուս՝ «Սիրո արահետներ» գրքիս առաջաբանը գրել է գրականագետ Ֆելիքս Բախչինյանը:
– Դուք Ձեր գրքերի առաջին շնորհանդեսը նախընտրել եք Հայրենիքում անցկացնել, իսկ Նյու Յորքու՞մ…
-Այո՛, նախապատվությունը տվել եմ Հայրենիքիս, դա ինձ համար հպարտություն է. գուցե հետագայում շնորհանդես լինի նաև Նյու Յորքում: Մտադրություն ունեմ հաջորդ տարի ամբողջացնել նաև մեր համայնքի գործունեությունն արտացոլող տարբեր թերթերում լույս տեսած հոդվածներս:
– Արմինե՛, Դուք զբաղված եք նաև հասարակական գործունեությամբ, պատմեք այդ մասին:
-Սիրով եմ կատարում նաև այդ աշխատանքը: Լրացավ Նյու Յորքի համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 50-ամյակը. այդ առիթով կազմակերպված միջոցառումների հասույթը՝ 15 հազար դոլար, ամբողջությամբ տրամադրվել է Արցախի սահմանապահ զինվորներին՝ արյանը հոսքը կասեցնող բժշկական սարքեր հայթայթելուն. 3000 սարք է հատկացվել զինվորներին, սակայն ինչպես ասաց Արցախի «Վիրավոր զինվորների ֆոնդ»-ի երկհիմնադիր Ռազմիկ Արզումանյանը, կարիք կա ավելին անելու, և այդ աշխատանքը շարունակական պետք է լինի: Դոկտոր Հրանտ Մարգարյանն ու իր տիկինը՝ Ժանետ Մարգարյանն, այդ առիթով Արցախ գնացին և սարքերը նվիրեցին: Այդպիսով, մեր միությունն արձագանքել է ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը: Մեր միության միջոցառումներից մեկի ժամանակ դոկտոր Հրանտ Մարգարյանն ասաց. «Հավաքական մեր կյանքը մեկ գերխնդիր ունի այսօր, որը կոչվում է Արցախ: Արցախը մեր ազգային պայծառ հեռանկարի գրավականն է»: Հիրավի՛, մեր հայացքները հառել ենք դեպի Հայաստան ու Արցախ աշխարհ. Հայրենիքի բարօրությունը մե՛ր բարօրությունն է:
–Շնորհակալություն, սիրելի Արմինե. թո՛ղ Աստծո կամոք իրականություն դառնան Ձեր հայրենանվեր բոլոր ծրագրերը, թո՛ղ Ձեր բոլոր ժողովածուները խոսեն Հայրենիքի մասին, Հայրենիքի՛ լեզվով ու Հայրենիքի գույներով:
Կարինե Ավագյան