Աշխատանքների կիզակետում պետք է լինի հայ երիտասարդների կյանքի որակը բարելավելը.Գարո Արմեն

Սեպտեմբերի 18-20-ը կայացավ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որտեղ ի մի բերվեցին և ամփոփվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության ձեռքբերումները՝ վեր հանելով հայության առջև ծառացած մարտահրավերները և նախանշելով ապագային միտված անելիքները: Համաժողովին մասնակցեցին պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, տնտեսության, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Գարո Արմենը ‹‹Հայերն այսօր››-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ համաժողովի շրջանակներում հնչեցրած կարծիքները, առաջարկներն ու ծրագրերը թղթի վրա չեն մնա, այլև խոսքից գործի կվերածվեն՝ հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները և Հայաստան-Սփյուռք գործակցության առաջնահերթությունները:
Նա շեշտեց նաև, որ աշխատանքների կիզակետում պետք է լինի հայ երիտասարդների կյանքի որակը բարելավելը, քանի որ այդ ամենի համար բոլոր նախապայմաններն առկա են:
Հավելենք, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր զուգահեռաբար իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: