Հայաստան-Սփյուռք համաժողովը հայությանը միավորող նախաձեռնություն է. Բերիո Հայոց թեմի առաջնորդ

‹‹Փոխադարձ վստահություն միասնականություն  և պատասխանատվություն›› խորագրով Հայաստան-Սփյուռք  6-րդ համահայկական համաժողովը շատ լավ ընթացք ունեցավ, բոլոր քննարկումներն ու ընտրված թեմատիկ նիստերը դրական եմ գնահատում, տարեցտարի համաժողովն առավել կառուցողական բնույթ է ստանում: Նկատել եմ, որ կազմակերպվող համաժողովների նկատմամբ մասնակիցների վստահությունն առավել խորանում է, նաև համատեղ աշխատանքային ծրագրերի իմաստով››,-‹‹Հայերն այսօր››-ի հետ զրույցում ասաց Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ հավելելով, որ տարակարծություններ, մտայնություններ, բնականաբար, միշտ էլ լինում են, և համաժողովից հետո այդ ամենը մեկտեղելու,  իրատեսական գաղափարները կյանքի կոչելու համար զգալի քայլեր են կատարվում:

Սրբազան Հայրը շեշտեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը, նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, մասնագիտական և ժամանակակից հնչեղությամբ համաժողով է կազմակերպում, հատկապես բարձր է գնահատում արտակարգ իրավիճակներում հայտնված սփյուռքահայերի նկատմամբ ցուցաբերած աջակցությունը և նիստերի ժամանակ այդ ամենին առնչվող  արդյունավետ քննարկումները:

‹‹Հայաստան-Սփյուռք համաժողովը հայությանը միավորող մեծ նախաձեռնություն է, լիահույս եմ՝ համաժողովից բխող գաղափարներն ու առաջարկները նոր լույս կսփռեն մեր  կյանքում››,-զրույցն ամփոփեց Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը:

Գևորգ Չիչյան

 

 

 

 

 

 

 

Scroll Up