ՀՀ սփյուռքի նախարարը Վենետիկում մասնակցել է Մխիթարյան միաբանության 300 ամյակի տոնակատարություններին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մխիթարյան միաբանության հրավերով մեկնել է Վենետիկ՝ մասնակցելու Ս.Ղազարոս կղզում Մխիթարյան մայրավանքի հաստատվան 300 ամյակի միջոցառումներին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փոխանցել է Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բացառիկ պատմական իրադարձության՝ Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300-ամյակի կապակցությամբ: Դեռևս երեք դար առաջ հայ հոգևոր մտքի հսկա Մխիթար Սեբաստացին հիմնեց մի հաստատություն, որը դառնալու էր աշխարհին հայտնի հոգևոր, ուսումնակրթական, գրական և գիտամշակութային կենտրոն։

1701 թվականին հիմնվելուց ի վեր Մխիթարյան միաբանությունն անգնահատելի դեր է խաղացել հայապահպանության գործում, դարձել աշխարհում հայ ժողովրդի հեղինակավոր ներկայացուցչություն՝ իր մշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր մթնոլորտով հրապուրելով հայ և օտար աշխարհահռչակ մտավորականների:

Գտնվելով Եվրոպայի սրտում՝ Մխիթարյան միաբանությունը հայ մշակույթը հաղորդակից է դարձրել Արևմուտքին և փոխադարձաբար՝ արևմտյան մշակույթը` հայոց աշխարհին:

Բացառիկորեն մեծ է Մխիթարյան միաբանության ավանդը հայագիտության զարգացման գործում․ մեր հոգևոր հայրերը դարեր շարունակ վիթխարի աշխատանք են կատարել Միաբանության Մայրավանքի՝ աստվածառաք լույսով ողողված սենյակներում։ Դրա վկայությունն են գիտական ընդհանուր և ճյուղային բառարանները, թարգմանական և կրոնական, պատմական, լեզվաբանական, բնագիտական, տնտեսագիտական և այլ բնույթի աշխատությունները: Հետաքրքրական է, որ Միաբանությունը զարմանալի ներդաշնակությամբ և կատարելությամբ համատեղում է գիտության, մշակույթի, հոգևոր ժառանգության ոլորտները՝ միաժամանակ ունենալով թանգարանային յուրօրինակ միջավայր։ Միաբանության վանական համալիրում պահվող ձեռագրերն ու մատյանները ոչ միայն հայ մշակութային ժառանգության հարստության վկայություններն են, այլև համաշխարհային քաղաքակրթության նմուշներ:

Պատմականությունն ամրագրվում է ժամանակով․ Մխիթարյան միաբանությունն իր դարավոր գործունեությամբ դա լավագույնս փաստել է՝ հաղորդակից դարձնելով ազգայինը համամարդկայինին:

Խոնարհվելով մեր հոգևոր արժեքների պահպանության գործում Մխիթարյան միաբանության անձնուրաց նվիրման առջև՝ ցանկանում եմ ասել՝ փառք ու պատիվ մեր հոգևոր հայրերին, որ կարողացան ստեղծել կրթական կենտրոններ, երիտասարդ սերնդի շրջանում տարածեցին հայոց լեզուն, մշակույթը, դպրությունը:

Հպարտության զգացումով մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական հոբելյանի առիթով՝ Միաբանության անդամներին մաղթելով գործունեության երկար և արգասաբեր տարիներ՝ իրականացնելու Մխիթար Սեբաստացու «Ամեն ինչ Հայաստանի և Հայրենիքի համար» սրբազան պատգամը»։

Սեպտեմբերի 9-ին Վենետիկի Սուրբ Մարկոս տաճարում նախարարը մասնակցել է երեկոյան ժամերգության, որին ներկա է եղել Վենետիկի Պատրիարք, Գերշ. Ֆրանչեսկո Մորալիան:

Հաջորդ օրը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սուրբ Ղազարի եկեղեցում ներկա է գտնվել Մխիթարյան Միաբանության քահանայապետական պատվիրակ Գերշ. Լևոն արք. Զեքեանի հանդիսապետությամբ տրվող Սուրբ և Անմահ պատարագին:

Վենետիկում Հրանուշ Հակոբյանն այցելել է Մխիթարյան Միաբանության մայրավանքի հիմնարկության եւ պատմության մասին պատմավաւերագրական ցուցահանդեսի բացմանը և Ս. Ղազարի եկեղեցում տեղի է ունեցած հայ հոգեւոր եւ ժողովրդական երգերի համերգին:

Մխիթարյան Միաբանության քահանայապետական պատվիրակ Գերշ. Լևոն արք. Զեքեանի խոսքով տարին նվիրվում է Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվելու 300 ամյակի տոնակատարություններին, որոնց մեկնարկը տրվեց սեպտեմբերյան միջոցառումներով:

Scroll Up