Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ. Կարիք ունենք մշակելու համասփյուռքյան ռազմավարություն. Հրայր Ջեպեջյան

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին ընդառաջ՝ ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Արաբական ծոցի Աստվածաշնչի ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ջեպեջյանի հետ:

-Ձեր կարծիքով ո՞րն է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջնահերթությունը:

– Հայասատան-Սփյուռք 6րդ համաժողովի օրակարգում ներառված են շատ այժմեական հիմնահարցեր: Հստակ է, որ շատ լավ աշխատանք է տարվել պարփակելու և համադրելու այս բոլոր նյութերը մեկ համաժողովի ընթացքում: Եվ այս բոլոր հիմնահարցերը կազմում են հայկական ամբողջական կյանքի` այսպես ասած` «Միտք Բանին»: Մեր ամբողջական կյանքի «Միտք բանին» առաջ տանելու համար մենք կարիք ունենք հավաքական ուժի, որը մեզ պետք է կարողանա շնորհել դրական ներշնչում`առաջ տանելու մեր բոլոր հիմնահարցերն իրենց ամբողջության մեջ և առանց առաջնահերթությունների:

Չենք կարող մեր կյանքի մեկ հիմնահարցը, որը միայն մեկ հիմքն է կազմում, առաջնահերթ նկատել մյուսից:  Իմ կարծիքով բոլորն էլ կարևոր են և պիտի աշխատել, որ յուրաքանչյուր հայի մոտ ստեղծվի այս բոլորի նկատմամբ մեկ ամբողջական գիտակցություն:

– Համաժողովի 4 թեմատիկ ուղղություններից մեկը նվիրված է  հայապահպանության հիմնախնդիրներին: Ո՞րն է Սփյուռքում հայապահպանության ամենամեծ հիմնախնդիրը և ի՞նչ  պետք է անել այդ ուղղությամբ:

– Հայկական Սփյուռքը բարդ է, գունավոր և այլազան ու տակավին մեկը մյուսից տարբեր: Սփյուռքահայը` աշխարհով մեկ տարածված, նույնանման չէ: Հա´յ է, բայց յուրաքանչյուրն իր ապրած երկրի հայեցակետից՝ տարբեր:  Տարբեր է, բայց Օտար չէ: Եվ իր տարբերություններով` կենցաղային ու ապրելակերպի, դեռ իր ապրած երկրի պայմանների և մթնոլորտի միջից պիտի վեր առնել և ո´չ որպես Օտար: Պիտի նայել սփյուռքահային իր տարբերությունների մեջից, որոնք արժե փորձել քով-քովի բերել, որպես տարբեր նույնություններ՝ և ոչ որպես Օտար:

Այս իմաստով նաև պիտի վերանայել, թե ինչպե՞ս պետք է լինեն սփյուռքահայերի ամբողջական մշակույթի պահպանության հոլովույթները` յուրաքանչյուրն իր պարունակի մեջ:

Սփյուռքյան մեր հայկական ինքնության և մշակութային արժեքների պահպանության մարտահրավերներն այսօր մեծ համեմատությամբ՝ նույնանման են: Լեզվի պահպանում, քրիստոնեական հավատք,  ինքնություն, գրականություն, արվեստ և պահանջատիրություն: Եվ մեր այս համահայկական հիմնահարցերը պետք չէ պարփակել գաղութների աշխարհագրական սահմանների մեջ միայն: Կարիք ունենք մշակելու համասփյուռքյան ռազմավարություն, որտեղ լավապես կարելի է ներմուծել նյութական, մարդկային և կառուցային բոլոր կարողականությունները: Ինչ խոսք, ներկա տեղեկատվական աշխարհի ու սոցիալական ցանցերի լավապես օգտագործումը կարող է մեծապես օգնել մեր բոլոր ուժերի և կարողականությունների օգտագործման և համադրման աշխատանքներում:

Ավելի զգույշ պիտի լինենք համայնքների, նրանց ազգային և մշակութային կյանքի շարունակականության խնդրի առնչությամբ: Ճիշտ չէ արագ վճիռներ արձակել այս կամ այն համայնքի, կամ այս կամ այն ազգային, կրթական ու մշակութային հաստատությունների նկատմամբ: Պետք չէ մոռանալ, որ Սփյուռքում հայապահապանման մեծ պատերազմի մեջ ենք և մեր ազգային, մշակութային արժեքների ինքնագիտակցությունը առաջնահերթ խնդիրներ են: Այդ պատճառով անհրաժեշտ է ամեն տեսակի աշխատանք, որը ենթադրում է մեծ զոհողություն: Նոր տեսիլքը և աշխատանքային ծրագիրը պետք է և անհրաժեշտ է այն կերտել՝ ծառայեցնելու հայապահպանման մեծ տեսլականին:

-Որո՞նք են այն կարևոր նախադրյալները, որոնց միջոցով Սփյուռքում հնարավոր է հայապահպանության ուղղված աշխատանքներ իրականացնել` հատկապես երիտասարդների շրջանում:

– Եթե Միջին Արևելքի համայնքների պարագայում տակավին հայերեն լեզվի պահպանումը բավականին քաջալերական է, բայց այն նույնը չէ այլ համայնքներում:

Սակայն քաջալերական երևույթ է, որ մինչև այսօր ինքնության, մշակույթի և պահանջատիրության գործոնները տակավին  տիրական են: Եթե մեկ կողմից առկա է լեզվի նահանջը, ապա ինքնության կանչը տակավին առկա է:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումներն աշխարհով մեկ արթնացման ալիք տարածեցին: Եվ այս ամենը նաև երիտասարդ սերնդի մասնակցությամբ և աշխույժ ներդրումով: Այն երիտասարդի, որը խոսում կամ չի խոսում հայերեն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսը՝ «Հիշել և պահանջել», դարձավ ինքնության և իր համապարփակ հասկացողության միջով վերանորոգման յուրատեսակ խթան:

Բայց կա նաև հարցի երկրորդ կողմը, որը Հայրենիքի` Հայաստանի և Արցախի իրականություններն են: Սփյուռքյան մեր ներկա իրավիճակներում Հայաստանը՝ որպես հայրենի պետականություն և հող` այսօր ներարկում է հայկական ինքնագիտակցություն և հաստատում, կապում և հայերի մեջ արթնացնում է «արմատի» հասկացողությունը և այդ արմատին տուն տվող հողի գիտակցությունը: Եվ հայ երիտասարդը` Հայրենիքի ու Արցախի հետ իր այս կապվածությամբ է որ ավելի պիտի զորացնի իր մեջ ինքնության գիտակցությունը: Ինչպես նաև՝ նույն ինքնության նկատմամբ երիտասարդի հպարտությունը: Հայրենիքն այն հպարտությունն է, որը տալիս է և պիտի շարունակի տալ, հատկապես՝ երիտասարդներին:

– Ին՞չ ակնկալիքներ ունեք համաժողովից:

– Անհրաժեշտ է, որ համբերենք, բայց նաև միմյանց լսենք: Հավաքական աշխատանքը  սա է պահանջում: Համաժողովին մեջ ներառված են մի շարք հիմնահարցեր և օրակարգի վրա են նաև բավականին խիզախ և կառուցողական միջոցառումներ: Մեր համահայկական կյանքի համար և մեկնելով ներկա օրերի մի շարք հրամայականներից՝ անհրաժեշտ է, որ մենք բոլորս լավապես օգտագործենք այս համաժողովը և մեջտեղ բերենք աշխատանքային ծրագիր, որը պիտի ուղենշի մեր բոլորի հավաքական կյանքերի ուղղությունը: Մենք կարիքն ունենք այս «ուղղության», որպեսզի դիմագրավենք մեր հավաքական կյանքերի շատ հիմնահարցերի, որոնք պետք է քննարկվեն համաժողովի ընթացքում:

Յուրաքանչյուր հայ, որը պիտի մասնակցի`ունի պատասխանատվություն՝ հաջողելու այս համաժողովի աշխատանքները: Այս համաժողովը մեր բոլորի համար է, և բոլորս պետք է ունենանք հանձնառություն՝ լավագույս իրականացնելու այն:

Scroll Up