Համաժողովի թեմատիկ ուղղություններից յուրաքանչյուրն իր կշիռն ու համահայկական հնչեղությունն ունի. Մհեր Կարագաշյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/09/Մհեր-Կարագաշյան1.jpg)
Հայստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ՝ ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի նախագահ, ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ատենադպիր Մհեր Կարագաշյանի հետ:
– Պարո´ն Կարագաշյան, Ձեր կարծիքով ո՞րն է սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջնահերթությունը:
– Դժվար է կողմնորոշվել, թե ո՞րն է Հայաստան-Սփյուռք 6րդ համաժողովի առաջնահերթությունը, երբ վերջինիս օրակարգը կազմված է այն հիմնախնդիրներով, որոնցից յուրաքանչյուրն իր կշիռը, համահայկական հնչեղությունն ու կենսական տարողությունը ունի: Առավել ևս` բոլորն էլ փոխկապակցված են ու մեկի կամ մյուսի ելևէջներն ազդում են մնացյալի վրա:
Սակայն եթե անպայման կենտրոնանալ է պետք, անձնապես ինձ համար մնայուն ու հրատապ օրակարգային հարց է ազգային անվտանգության խնդիրը, որն իր հերթին բազմերես է ու տարաբնույթ բաղադրիչներ ունի (առանձին` կարելի է իբրև վերտառություն դնել մնացյալի վրա):
Այս իմաստով, կցանկանայի, որ համաժողովը հատուկ շեշտադրում տար «Ազգ-բանակ» մտահղացման քննարկումներին և հետևելիք առաջարկություններին:
Այս շրջանակներում հարկ է կարկինն այնքան լայն բացել, որ հասնի սփյուռքահայերին ևս: Ի վերջո, երբ խոսում ենք «Ազգ- բանակ»-ի մասին, նրա հեռանկարը պետք է ընդգրկի ամբո´ղջ ազգը: Այդ շրջանակներում անհրաժեշտ է նաև մտածել այդ տեսլականը իրականացնելու մեխանիզմներին մասին:
– Համաժողովի չորս թեմատիկ նիստերում (Հայաստանի տնտեսության զարգացում, Տարածաշրջանային մարտահրավերներ և ազգային անվտանգության օրակարգ, Արտաքին քաղաքականության օրակարգ և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում, Հայապահպանության հիմնախնդիրներ) ի՞նչ հարցեր կուզենայիք քննարկվեին:
– Ինչպես նշեցի, համաժողովի օրակարգը ծավալուն է ու թեմատիկ նիստերի յուրաքանչյուր ենթաբաժինը կարող է ամբողջ համագումարի բնաբանը դառնալ: Կարելի է սակայն, ավելի հանգամանորեն կանգ առնել մի շարք անմիջական հարցերի վրա: Օրինակ`
– Ազգային անվտանգությանը նվիրված քննարկումնների շրջանակներում անվտանգությունը չդիտել միայն Հայաստանի և Արցախի սահմաններից ներս, այլ` համա´յն հայության, համապարփակ հայեցակարգի հեռանկարով:
– ՀՀ տնտեսության բնագավառում կենտրոնանալ սոցիալական արդարության դրույթներով առաջնորդվող զարգացման վրա, որն իր առաջընթացի մեջ կթոթափի կաշառակերության և ստվերային մենաշնորհների նման ախտերը: Այս լույսի տակ զարգացումը խթանելու գծով հարկ է նաև որոնել ձևեր, որոնք դուռը լայն կբացեն Սփյուռքի շոշափելի ու որոշիչ մասնակցության առջև:
– Արտաքին քաղաքականության ոլորտում միշտ կիզակետի մեջ պետք է պահել թուրք-ազերիական հակահայ մեքենան, որը վերջին տարիներին բավական թափ է հավաքել և նմանակում է պայքարի մեր իսկ մեթոդները, մեր զենքերը՝ փորձելով հաճախ մեր դեմ գործածել:
– Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման գործընթացը առանց տատանումների ամրագրել հատուցման և իրավունքների վերականգնման առանցքի վրա:
– Երբ ազգի երկու երրորդն ապրում է արտերկրում` հայապահպանության խնդիրներին հարկ է անդրադառնալ ավելի ընդգծված կերպով, հեռու` հայ լեզվի ու դպրոցի մասին հնամաշ լոզունգաբանություններից: Մեր դարի ընձեռած միջոցները նոր կարելիություններ են ստեղծում` վերատեսության ենթարկելու Սփյուռքում կրթական ու մշակութային գործունեության ցարդ կտրած մեր ճանապարհը: Հարկավոր է այս տեսանկյունից դիտված` կոնկրետ լուծումներ և ուղենիշներ դնել սեղանի վրա՝ բաղձանքների մեր ընթացիկ ցանկի փոխարեն:
Օրինակներ կարելի է շատ թվարկել, սակայն կբավարարվեմ այսքանով, լավատես լինելով, որ համաժողովին արծարծված գաղափարներն ու առաջադրանքները համաժողովից հետո կսկսեն աստիճանաբար իրագործվել:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք համաժողովից:
– Մասնակցել եմ Հայաստան-Սփյուռք հաժողովների մեծ մասին: Կարող եմ վկայել, որ քայլ առ քայլ զուտ խորհրդանշական հարթությունից անցել ենք ավելի ներգործուն դերակատարության: Վերջինիս լավագույն օրինակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ու ընթացքում գումարված ժողովներն էին, որոնք իբրև հարթակ ծառայեցին համահայկական մեր ճիգերը համակարգելու և առավել ուժական դարձնելու իմաստով:
Մնում է սպասել, որ կարելի արագությամբ առավել կբյուրեղանա այս համաժողովի տեղն ու դերը մեր իրականության մեջ՝ վերածելով ա´յն երդիկին, որի տակ կատարված քննարկումներն ու աշխատանքները լիարժեք արդյունավետության կառաջնորդեն Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությունը:
Գեղեցիկ բան է այս երևույթը «Եռամիասնություն» կոչելը, բայց միաժամանակ անհրաժեշտ է նրա բաղկացուցիչ տարրերի միջև կապերը դարձնել օրգանական ու իրար համալրող: Այս իմաստով, հավանաբար ոչ-հեռակա ապագայի ակնկալիքը պիտի լինի օրինակ` ի վերջո իրականացած տեսնել Հայաստանի Հանրապետության և Արցախի խորհրդարաններում Սփյուռքը ներկայացնող պատգամավորների գաղափարը:
Համենայնդեպս, նվազագույնի ակնկալությամբ` եթե բոլորս միայն կարողանայինք գալ այն հաստա’տ համոզման, որ Հայաստանի հզորացումը կապված է Արցախի և Սփյուռքի հզորացմանն ու հակառա´կը, այս մեկն ինքնին համաժողովի հաջողություններից մեկը կարելի կլինի համարել: Ի վերջո, նմանօրինակ մտածելակերպն է, որ հիմքը պիտի դառնա վաղվա մեր բոլոր նվաճումների: