Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ. Այսպիսի համաժողովները խորհրդանշական չեն կարող լինել. Փոլ Հայդոստյան

Սեպտեմբեր 18-20-ը Երևանում կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին ընդառաջ ներկայացնում ենք «Հայերն այսօր»–ի հարցազրույցը Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանի հետ:
– Ձեր կարծիքով ո՞րն է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջնահերթությունը:
– Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջնահերթությունը նախևառաջ համախմբման և խորհրդակցության այնպիսի հարազատ մթնոլորտի ստեղծումն է, որով հնարավոր է դառնում գիտակցել, որ մեր հայրենիքի և աշխարհասփյուռ համայնքների նյութերը, հարցերը և ձգտումները փոխկապակցություն ունեցող հրատապ վիճակներ են, որոնք պահանջում են նվիրական, համակարգված կեցվածք: Այլ խոսքով՝ այսպիսի համաժողովները ոչ թե խորհրդանշական են, այլ՝ բովանդակային:
–Համաժողովի 4 թեմատիկ ուղղություններից մեկը նվիրված է հայապահպանության հիմնախնդիրներին: Ո՞րն է Սփյուռքում հայապահպանության ամենամեծ հիմնախնդիրը և ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ:
– Հայապահպանության ամենամեծ հիմնախնդիրը դաստիարակչական է: Դպրոցը, եկեղեցին, ընտանիքը, թաղամասը, մշակութային կամ քաղաքական կենտրոնը հաջողո՞ւմ են արդյոք դաստիարակել ինքնավստահ, մրցունակ ու մշակված հայ մարդ, թե՞ հայը հայի հետ համախմբելու նեղ հորիզոնների սահմանների մեջ են մնում: Այս ուղղությամբ անհրաժեշտ է ինքնության և դաստիարակության նոր ուղղությամբ կատարվող աշխատանք:
– Որո՞նք են այն կարևոր նախադրյալները, որոնց միջոցով Սփյուռքում հնարավոր է հայապահպանությանն ուղղված աշխատանքներ իրականացնել` հատկապես երիտասարդների շրջանակում:
– Հայապահպանությանն ուղղված աշխատանքների հաջողության երաշխիքները հայկական հաստատությունների թափանցիկ, արհեստավարժ, բազմալեզու և բազմամիջոց առաջնահերթությունների վրա հիմնված ռազմավարությունն է: Ժամանակակից երիտասարդը պիտի չհրապուրվի միայն զգացականով: Կարևոր է նաև ծանոթացնել հայը հային, ներկայացնել Հայաստանի և հայի հիմնական ուժականության պատկերը, հայերի համագործակցության գործնական օրինակներ ցույց տալ, ինչպես նաև գիտական, տնտեսական, հոգեմտավոր, մշակութային, քաղաքական ոլորտներում զարգացման հորիզոններ բացել:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք համաժողովից:
– Մեր ակնկալությունը նախ այն է, որ համաժողովի ընթացքում հարազատորեն ամրապնդվեն Սփյուռքի անձնավորությունների, սփյուռքյան կառույցների և Հայաստանի պետական և հասարակական մարմինների միջև կապերը: Մեր երկրորդ հույսն այն է, որ մեր բոլոր խնդիրները՝ տեղական և համաշխարհային, քննարկվեն իրատեսական մոտեցումներով և գործնական առաջադրանքներով: Իսկ երրորդ ակնկալելիքն այն է, որ չպետք է ջանք խնայենք՝ հայկական համակարգված, դինամիկ տեսիլք ստեղծելու համար: