Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ.«Ակնկալում եմ բոլոր հրատապ հարցերի նկատմամբ սկզբունքային մոտեցում».Աննա Գիվարգիզյան
Սեպտեմբերի 18-20-ը կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան–Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովին ընդառաջ «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Մոսկվայի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի հետ ունեցած հարցազրույցը:
–Ձեր կարծիքով, ո՞րն է սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջնահերթությունը:
– Այսօրվա մեր համազգային գերակայությունների, նպատակների և խնդիրների սահմանումը, ինչպես նաև դրանց շուրջ Սփյուռք-Հայրենիք նյութական, հոգևոր և մասնագիտական ներուժի համախմբումը:
–Համաժողովի չորս թեմատիկ նիստերում (Հայաստանի տնտեսության զարգացում, Տարածաշրջանային մարտահրավերներ և ազգային անվտանգության օրակարգ, Արտաքին քաղաքականության օրակարգ և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում, Հայապահպանության հիմնախնդիրներ) ի՞նչ հարցեր կուզենայիք քննարկվեին:
-Հայաստանի տնտեսության զարգացումը ոչ միայն քննարկման «թեմատիկ ոլորտ» է, այլ նաև հիմնախնդիր՝ գլխավոր հիմնախնդիր: Քանի որ առանց զարգացող տնտեսության` չենք կարող ունենալ կենսունակ բանակ, լիարժեք անվտանգություն, կրթություն, առողջապահություն, գիտատեխնիկական զարգացում և այլն։ Հայաստանում տնտեսությունը չի կարող զարգանալ, եթե բացակայեն բոլորի համար տնտեսական համահավասար պայմաններ, եթե անձնական կամ խմբակային շահը գերադասվի պետական շահից։
Ցանկացած երկրում տնտեսությունը, տնտեսական հարց լինելուց զատ ու դրանից առաջ` հոգեբանություն է՝ համակարգի նկատմամբ վստահություն: Առանց այդ վստահության չի լինելու նշմարելի զարգացում ապահովող ո՛չ ներքին և ո՛չ արտաքին ներդրում։ ՀՀ դատական համակարգի երկաթյա ձեռքը պարտավո՛ր է պաշտպանել ցանկացած ներդրողի, քաղաքացու։
Արցախի հարցում կենսական է տարածաշրջանի ինքնապաշտպանության և անվտանգության ուժի կողքին տեսնել հարցի իրավական ուժը: Անհրաժեշտ է վերստին մշակել, կատարելագործել և միջազգային հարթակում հետևողականությամբ հետապնդել հարցի արդարացիության մոտեցումը՝ վիժեցնելով խնդիրը տարածքային վեճ ներկայացնելու հակառակորդի սադրիչ քաղաքականությունը։ Խնդրի թե՛անվտանգության և թե՛ իրավական կողմը կարող են հեշտությամբ շրջանցվել կամ անտեսվել, եթե այդ երկու հիմքը չերաշխավորվի տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ հայության մասսայական վերաբնակեցմամբ: Դա է ապացուցում ժողովրդների պատմական փորձը։
Ցեղասպանությունների կանխարգելումը գեղեցիկ երազանք է, որը կախված չէ մեր ուժերից, ոչ էլ իրագործելի է մեր նպատակներում: Իսկ Հայոց իրավունքների հարցը շատ ավելի խորն է, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը։ 2015 թվականի Հռչակագրից արդեն երկու տարի անց կատարվող իրողություններն ինքնին ապացուցում են, որ ընդհանուր և վերացական կարգախոսները մեզ ոչ մի տեղ չեն հասցնելու: Մենք ո´չ պետք է հրաժարվենք մեր իրավունքներից, ո´չ արկածախնդրական լոզունգներ բարձրացնենք և ո´չ էլ անհստակ և անորոշ հայտարարություններով մեր գերագույն իրավունքների հարցը՝ հայության համար ոգեղեն սնուցման մակարդակի իջեցնենք։ Անհրաժեշտ են հստակ ծրագիր և հստակ մեխանիզմներ։
Հայապահպանումը Սփյուռքում, առանց ՎԵՐԱԴԱՐՁԻ տեսլականի, ուտուպիա է և ժամանակի դեմ վազք։ 1915 թ․-ից ավանդական Սփյուռքի հաջող և ձախող փորձերը բազմաթիվ անգամներ փաստել են, որ հայությունը երբ պայքարել է հանուն գերագույն նպատակների, այդ պայքարին առընթեր զարթոնք է ապրել, պահել և նույնիսկ խորացրել է իր ազգային ինքնությունն ու ազգային ենթագիտակցությունը։ Սփյուռքի պայմաններում առանց հանուն գերագույն նպատակների պայքարի, հայապահպանումը՝ որպես վերջնական նպատակ՝ հավասարազոր է հայակործանման և դանդաղ մահի։ Այսօր Սփյուռքը սրընթաց ուծացման ուղու վրա է։
– Ի՞նչ ակնկալիքներ ունենք Համաժողովից:
-Ակնկալում եմ վերոնշյալ բոլոր հրատապ հարցերի նկատմամբ գիտական, գործնական և սկզբունքային մոտեցում, որ համաժողովի գործունեությունը չսահմանափակվի (սկսվի և ավարտվի) համաժողովի օրերով։ Ակնկալում եմ, որ երկու տարի անց խնդիրները ո´չ թե սկսենք քննարկել նույն կետից, այլ քննարկման առարկա դառնան իրենց լուծման շարունակականության մեջ՝ հաշվի առնելով կատարվածի արդյունավետությունը և վերամշակվեն լրացուցիչ ծրագրերը։