«Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքի «Սփյուռք» ջոկատի մասնակիցները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Օգոստոսի 30-ին «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքի «Սփյուռք» ջոկատի մասնակիցները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը, նախարարության աշխատակիցներ:

Հյուրերին փոխանցելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ Վահագն Մելիքյանը բարձր գնահատեց բազեականների մասնակցությունը համահայկական երիտասարդական հավաքին և մասնավորապես նշեց. «Մենք շատ ոգևորված ենք ձեր ցուցաբերած արդյունքներով: Բոլոր 45 ջոկատների մեջ «Սփյուռք» ջոկատը գրավել է 2-րդ պատվավոր հորիզոնականը: Դուք ձեր հիանալի արդյունքներով, ինչ խոսք, բարձր եք պահել նաև Սփյուռքի նախարարության պատիվը: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում նորանոր հաջողություններ, նպատակասլացություն»:

Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: «Սփյուռքի նախարարության օգնությամբ մենք կարողացանք ձևավորել «Սփյուռք» ջոկատը, որին անդամակցում էին ինը սփյուռքահայ երիտասարդներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Վրաստանից, Սիրիայից և Իսրայելից: Հուսանք՝ մյուս տարի սփյուռքից  ժամանած երիտասարդները ավելի մեծ թվով ջոկատ կձևավորեն և կշարունակեն փայլուն հանդես գալ»:

Այնուհետև իրենց տպավորությունները և առաջարկները ներկայացրին «Սփյուռք» ջոկատի մասնակիցները: Իսրայելից ժամանած և արդեն Հայաստանում մշտական բնակություն հաստատած Արմինա Խաչատրյանը ընդգծեց, որ «Բազեն» նախևառաջ իրեն նոր ընկերներ ձեռք բերելու, տարբեր տաղանդավոր մարդկանց հետ շփվելու հնարավորություն տվեց: «Մենք դարձանք մեկ ընտանիք՝ միասնական և համախմբված»,-նշեց Արմինան:

Ռուսաստանից եկած Քրիստինա Գրիգորյանը այս ամռանը մասնակցել է նաև «Սփյուռք» ամառային դպրոցի երիրտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթացին, այնուհետ որոշել է մասնակցել նաև «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին: «Ջոկատային համերաշխություն և կազմակերպվածություն՝ ահա մեր հաղթանակի և միասնականության գրավականը»,-նկատեց Քրիստինան:

Համահայկական հավաքին մասնակցած սփյուռքահայ երիտասարդների մեծ մասն արդեն բնակություն է հաստատել Հայրենիքում, իսկ մյուսները հավաստիացրին, որ մոտ ապագայում կկարողանան վերադառնալ Հայաստան:

Scroll Up