«Իմ հոգին ու սիրտը մշտապես հայության ու Հայաստանի հետ են՝ հայ պարի՛, հայ երգի ու խոսքի». Հայկ Սահակյան
ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված Մոսկվայի «Հայաստանի ծաղիկներ» պարային համույթի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Հայկ Սահակյանի հետ զուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Պարո՛ն Սահակյան, շատ գեղեցիկ, խոսուն անուն եք ընտրել պարախմբի համար՝ «Հայաստանի ծաղիկներ». ու՞մ մտահղացումն է եղել:
-Պարային համույթը սկզբում գործում էր դպրոցում. այդ անվանումը խմբին տվել է մեր դպրոցի ուսմասվարը՝ Սվետլանա Մաթևոսյանը: Ես էլ շատ հավանեցի այն, որովհետև բացի գեղեցիկ լինելուց՝ նաև հնչեղ է, ռուսերենով ևս շատ տպավորիչ է: Մեր համույթը շատ կարճ ժամանակում տարբեր պարեր դրեց և ճանաչվեց Մոսկվայում Խաչատուր Ավետիսյանի «Ծաղիկների պար»-ով, որից հետո՝ «Բերդ» պարը բեմադրեցի:
-Ե՞րբ է կյանքի կոչվել համույթը:
-2018-ի հունվարի 20-ին կլրանա պարային համույթի ստեղծման 20 տարին: Տարբեր տարիքի ու տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են ընդգրկված մեր խմբում, կան դեռևս առաջին դասարանում սովորող երեխաներ: Գերակշռող մասը աղջիկներն են, որովհետև դրսում ապրող տղամարդկանց մեծ մասը ընտանիք պահելու խնդիր ունի:
-Պարո՛ն Սահակյան, որքան հասկացա՝ Ձեր խմբում արհեստավարժ պարողներ չեն. Դու՞ք եք սովորեցնում նրանց պարել, թե՞, այնուամենայնիվ, պարարվեստից ունեցած որոշ գիտելիքներով են գալիս Ձեր մոտ:
-Խմբի պարողներն արհեստավարժ չեն. գալիս են պարելու որոշակի շնորհ ունեցողներ, ինչպես նաև՝ նոր սովորողներ: Ես սիրով ու համբերությամբ եմ պարապում նրանց հետ, որովհետև օտար երկրում սա՛ էլ հայապահպանության մի յուրօրինակ միջոց է: Հայկական երգը, հայկական պարը, հայ խոսքը, հավատքը, հայեցի դաստիարակությունն այն հզոր սյուներն են, որոնց վրա դրսում հենվում է հայ մարդը և դրանցով պահպանում իր ազգային ինքնությունը:
–Ի՞նչ նշանակալի միջոցառումների, փառատոների ու համերգների է մասնակցել Ձեր ղեկավարած պարային համույթը:
-Համերգներով հանդես ենք եկել ՌԴ-ի գրեթե բոլոր քաղաքներում, մասնակցել ենք Մոսկվայի և մյուս քաղաքների հայկական համայնքների միջոցառումներին, Հայաստանում մասնակցել ենք ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնին:
-Մոսկովյան հանդիսատեսը ինչպե՞ս է ընդունում Ձեր համույթի ելույթները:
-Մոսկովյան հանդիսատեսը մեզ շատ է գնահատում: Մոսկվայում, երբ մասնակցում էինք ազգային փառատոնին, ուր ամեն մի ազգություն պետք է ներկայացներ իր պարը, դահլիճը մի պահ ասես նիրհած էր, հենց սկսվեց մեր հայկական պարը, հանդիսատեսները մի աննկարագրելի ոգևորություն ապրեցին: Սկզբում Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո պարեցին, այնուհետև բեմի վրա ես բարձրացրեցի 2-րդ «Բերդ» պարը, որի շարունակությունը եղավ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարը»: Դահլիճը թնդում էր որոտընդոստ ծափահարություններից: 2005-ին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակի առիթով, Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպված մեծ միջոցառմանը ներկայացրել ենք «Բերդ» պարը:
-Ինչպե՞ս եք լուծում տարազների հարցը. ունե՞ք ոճաբան, խորհրդատու-ազգագրագետ:
-Այդ հարցի ֆինանսական հարցը տղաս է լուծում, իսկ ոճոբանական, ձևավորման հարցերով ինքս եմ զբաղվում: Ես երկար տարիներ պարել եմ Հայաստանի պարային տարբեր խմբերում, մանրամասն ուսումնասիրել եմ մեր հայկական տարբեր գավառների տարազները: Հայաստանում պարելուս տարիներին ինքս մասնակցել եմ տարազների պատվիրման աշխատանքներին, այժմ ունենք ոճաբան՝ Ռուբինան, ում հետ էլ համագործակցում եմ, ինչպես նաև՝ ուսումնասիրել եմ տարազների ալբոմ-գրքերը:
-Ասացիք, որ պարել եք հայաստանյան տարբեր պարախմբերում. քանի՞ տարեկանից եք սկսել պարել և որ՞ պարախմբերում եք կատարելագործվել, վարպետացել:
-Պարել սկսել եմ շատ փոքր հասակից, հետագայում պարել եմ 1966-ին հիմնադրված Երկաթուղայինների կուլտուրայի պալատի Վարդգես Ռաշիդյանի ղեկավարած «Հայաստան» ժողովրդական պարերի անսամբլում: Այդ խմբում եղել եմ և՛ մենապարող, և՛ ղեկավարել եմ մանկական համույթը՝ որպես փոխարինող: Պարն իմ տարերքն է, իմ աշխարհը:
-Ո՞ր պարն եք այժմ բեմադրում:
-Շատ պարեր կան, որոնք ծրագրում եմ բեմադրել: Վերջերս ունեցանք «Ղարաբաղի կանանց պարը», որի տարազների վրա աշխատել ենք Մոսկվայի համայնքի նյութական աջակցությամբ: Սկզբում հայկական համայնքն էր մեզ օգնում, իսկ ներկայում տղաս՝ Արմեն Սահակյանն է հիմնականում ֆինանսավորում:
-Որտե՞ղ է Ձեր հոգին…
-Իմ հոգին ու սիրտը մշտապես հայության ու Հայաստանի հետ են՝ հայ պարի՛, հայ երգի ու խոսքի:
Զրուցեց Կարինե Ավագյանը