Աթաթուրքի ստորագրության հեղինակը Հակոբ Վահրամ Չերչիյանն է

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, գեներալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության հեղինակը ձեռագրերի մասնագետ Հակոբ Վահրամ Չերչիյանն է եղել:
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը, ներկայացրել է Աթաթուրքի ստորագրության ստեղծման պատմությունը՝ օգտվելով Հակոբի որդու՝ Տիգրան Չերչիյանի հուշերից:
Կայքը գրում է, որ 1934 թվականին Թուրքիայում ազգանունների մասին օրենքի ընդունումից և Մուստաֆա Քեմալին Աթաթուրք ազգանունը տրվելուց հետո, մեջլիսի պատգամավորները որոշում են վերջինիս մի գեղեցիկ ստորագրության նմուշ նվիրել:
Այդ ժամանակ Աթաթուրքի գրագիրը Ստամբուլի շրջաններից մեկի ոստիկանապետի միջոցով դիմում է Չերչիյանին:
Վերջնս երկար ժամանակ դասավանդել էր Ռոբեր քոլեջում (այսօրվա Ստամբուլի Բողազիչի համալսարան) և 1920-ական թվականներին ԱՄՆ-ի «Palmer Method» դպրոցում մասնագիտացել էր ձեռագրաբանության մեջ:
Չերչիյանը Աթաթուրքի համար ստորագրության 5 նմուշ է գծում, որոնցից Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն ընտրում է նկարում պատկերված 5-րդ օրինակը, գրում է Ermenihaber.am-ը: