Հայաստանի 1200 փոքրիկ երգիչները մեկ բեմում. երգչախմբային արվեստի միջազգային օրը կնշվի հատուկ համերգով

 Հայաստանում Երգչախմբային արվեստի միջազգային օրն այս տարի կնշվի երրորդ անգամ` դեկտեմբերի 8-ին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տոնը մեծ համերգի շուրջ կհամախմբի Հայաստանի պետական, սիրողական և մանկական լավագույն երգչախմբերին, որոնց կատարմամբ կհնչեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի տնօրեն Տաթևիկ Հարությունյանը նշեց, որ համերգը կազմակերպվում է Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Հանդիսատեսին անակնկալ է սպասում: Դահլիճում ներկա շուրջ 1200 փոքրիկ հանդիսականները «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ մեկ ստեղծագործություն կփորձեն կատարել»,- փակագծերը փոքր-ինչ բացելով` պատմեց Հարությունյանը:

Չնայած այդ ստեղծագործության անունն անակնկալ է լինելու, սակայն այն տոնը յուրահատուկ կերպով անցկացնելու, ինչպես նաև փոքրիկ հանդիսականին համերգի անմիջական մասնակիցը դարձնելու յուրօրինակ փորձարկում է լինելու:

Դահլիճում ներկա կլինեն հանրապետության տարբեր դպրոցների աշակերտներ, ներկայացուցիչներ պետական և միջազգային կառույցներից, արվեստի գործիչներ:

«Հայաստանի փոքրիկ փրգիչներ»-ի երգացանկում ընդգրկված են դասական, ժամանակակից, ջազ և բոսանովա ոճերի երգեր:

Երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Տիգրան Հեքեքյանի կողմից: Երգչախմբի անդամները 11-18 տարեկան 40 աղջիկներ են: Գործունեության 20 տարիներին երգիչները մասնակցել են երգի միջազգային մրցույթների եւ արժանացել բազմաթիվ մրցանակների: «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը ելույթներով հանդես են եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2012 թվականի ամռանը երգչախումբը եզակի համերգային շրջագայություն ունեցավ Ճապոնիայում:

Այն նվիրված էր հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20- ամյակին և հայ գրատպության 500- ամյակին: Երաժշտական յուրահատուկ ավանդույթներ ունեցող այս կոլեկտիվի շրջագայությունն իր մեծությամբ, նշանակալիությամբ, կազմակերպվածության բարձր մակարդակով կարող է համեմատվել միայն 1995 թվականին Եվրոպայի մի քանի երկրներում և ԱՄՆ-ի 20 նահանգներում երգչախմբի ունեցած 50-օրյա հաղթարշավի հետ:

Երգչախումբը 2014 թվականին մայիսին արտերկրի հանդիսատեսին կներկայանա նոր հյուրախաղերով:

 http://armenpress.am

Scroll Up