«Ծրագրի լավագույն մասը հյուրընկալ ընտանիքի հետ ապրելն էր». «Արի տուն-2017» ծրագրի մասնակից
18-ամյա Վալերա Առաքելյանն ապրում է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում: Երկրորդ անգամ է Հայաստանում: Առաջին անգամ ընտանիքի հետ է եկել, որի ընթացքում նաև Արցախում է հասցրել լինել: Սակայն «Հայերն այսօր»-ի հետ զրույցում խոստովանում է, որ այս այցը հատկանշական է իր համար, քանի որ հնարավորություն ունեցավ լինելու Հայաստանի պատմական վայրերում և հուշարձաններում, սովորել դրանց պատմությունը.
– Տատիկս ծնվել է Ուզբեկստանում և, ցավոք, սերնդեսերունդ մենք կորցրել ենք մայրենին: Սակայն ես ծրագրում եմ հաջորդ տարի վերադառնալ Հայաստան և մասնակցել «Սփյուռք» ամառային դպրոցի հայերենի դասընթացներին՝ հայերենս բարելավելու նպատակով:
Սամարղանդի հայկական համայնքը բավականին մեծ է: Ապրում են դրսում, սակայն չենք մոռանում Հայաստանը, ամեն կերպ փորձում ենք ֆինանսապես օգնել հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին: Մեր համայնքից շատերն են մասնանացում «Արի տուն» ծրագրին և վերադառնալով՝ պատմում են, թե ինչ հրաշալի ծրագիր է: Քանի որ այս տարի վերջին տարին էր (տարիքային սահմանափակման պատճառով), որ ես կարող էի մասնակցել, որոշեցի բաց չթողնել հնարավորությունը: Ծրագրին մասնակցելը հենց իմ որոշումն էր. ցանկանում էի ավելի մոտ լինել իմ հայրենիքին: Հայաստանը իմ տունն է` այն վայրը, որտեղ ինձ ապահով և լիարժեք եմ զգում:
Ծրագրի մասնակիցների հետ շփվելիս, ինչպես նաև «Թումո» ստեղծարար կենտրոն այցելությունից հետո, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ հայ մարդու ուժն իր իմաստության, խելքի և տաղանդի մեջ է: Յուրաքանչյուր հայ, լինելով բարի և ջերմ, օժտված է նաև տաղանդով և հաջողությունների է հասել այս կամ այն ոլորտում. հենց սա է հայ մարդու մասին իմ պատկերացումը:
Ծրագրի լավագույն մասը հյուրընկալ ընտանիքի հետ ապրելն էր: Հրաշալի է ապրել հայկական միջավայրում, ապրել այն մարդկանց հետ, ում նախնիները ծնվել և մեծացել են Հայաստանում` պահպանելով հայկական ավանդույթներն ու սովորույթները:
Ծրագիրը հրաշալի հնարավորություն տվեց ինձ զարգանալ որպես անձ: Հանդիպեցի հայերի գրեթե ամբողջ աշխարհից և լսելով Թուրքիայում ու Սիրիայում ապրող հայերի դժվարությունների մասին` սրտումս խոր ցավ զգացի: Ուզբեկստանում հայերն ազատ են, մարդիկ սիրում են հայերին և լսել, որ այլ երկրներում ապրող հայերն այսօր որոշ դժվարություններ ունեն, չափազանց հուզեց ինձ:
Շատ անգամ էի լսել, որ «Արի տուն» ծրագրիրը դարձել է բազմաթիվ սիրո պատմությունների սկիզբ, և մասնակիցները ամուսնանալով՝ վերադարձել են և սկսել բնակվել Հայաստանում: Անկեղծ ասած, ես էլ եմ սիրահարվել մի աղջկա, նա Մոսկվայից է, սակայն մենք ցանկանում ենք գալ Հայաստան: Ցանկանում եմ, որ երեխաներս ծնվեն, մեծանան և ապրեն Հայաստանում, հայկական միջավայրում և խոսեն հայերեն: Շնորհակալությո´ւն Հայաստան: Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը այսպիսի հնարավորություն ընձեռելու համար:
Մերի Աղաջանյան
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսոնողուհի