«Սփյուռք» ամառային դպրոցում ուսումնական նոր մեթոդների ծանոթացա. Հայկանուշ Գասպարյան

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, ՌԴ Մոսկվա քաղաքի Դոմոդեդովոյի տարածաշրջանի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի պատմության ուսուցչուհի, դպրոցի փոխտնօրեն Հայկանուշ Գասպարյանը մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստման դասընթացին: Երկու տարի առաջ է Երևանից ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա:

Ավարտելով Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ Հայկանուշը Մոսկվայում կարողացել է իր մասնագիտությամբ աշխատանք գտնել, և հիմա նվիրումով հայապապանությամբ է զբաղվում:

Նորաստեղծ համայնքն ու դպրոցը սերտ փոխգործակցության մեջ են գտնվում, հոգաբարձուների խորհուրդը տասնհինգ բարերաներից է բաղկացած, որոնց մեկենասությամբ էլ իրականացվում է  համայնքի ու դպրոցի գործունեությունը:

«Համայնքը հինգ հարյուր անդամ ունի, գնալով ավելանում է անդամագրվողների թիվը, այդ պատճառով էլ փորձում ենք մոսկովյան մյուս շրջաններում էլ դպրոցներ բացել: Մեր դպրոցում պարտադիր նշում ենք ազգային, եկեղեցական, պետական տոները, որպեսզի երեխաները ծանոթանան հայկական մշակութային արժեքներին ու ավանդույթներին»,-ասաց Հայկանուշ Գասպարյանը՝ հավելելով, որ աշակերտները մեծ ոգևորությամբ են մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության՝ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված «Նամակ զինվորին» շարժմանը՝ սրտի թրթիռով իրենց քաջալերանքի խոսքը գրելով  քաջարի տղաներին:

Նշենք, որ դպրոցի շուրջ 150 աշակերտներից շատերն այս տարի եկել են «Արի տուն» ծրագրին մասնակցելու, ովքեր, ինչպես Հայկանուշն է տեղեկացնում, ծրագրից շատ գոհ ու հիացած են մնացել:

«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրին առանց վարանելու որոշել է մասնակցել, քանի որ ցանկանում էր նոր գիտելիքներ ձեռք բերել և նոր ծանոթությունների շնորհիվ հասկանալ, թե Սփյուռքի մյուս համայնքերում ինչպես են կրթական գործն ու հայապահպանությունն իրականցվում:

«Դասընթացների ժամանակ ուշի-ուշով հետևել եմ դասախոսներին՝ նրանցից ստացած տեղեկությունները աշակերտներին  փոխանցելու համար, նաև ուսումնական նոր մեթոդների, ծրագրերի տիրապետել սովորեցի, որոնք հետագայում դասերի ժամանակ անպայման կիրառելու եմ:

Անչափ շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ ծավալած ազգանպաստ գործունեության, միշտ մեր կողքին գտնվելու և հատկապես մեր դպրոցին դասագրքերով ապահովելու համար»,-զրույցն ամփոփեց Հայկանուշ Գասպարյանը:

Գևորգ Չիչյան

Scroll Up