Չինարի գյուղի աշակերտների հանգիստը ծովափնյա Խոստայում

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Տավուշի մարզի Չինարի գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի ինը աշակերտ, դպրոցի տնօրեն Գրետա Դալլաքյանի և դասղեկ Էլիզա Բիլյանի ուղեկցությամբ, ամառային արձակուրդի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և Սոչիի հայկական համայնքի հրավերով 9 անմոռանալի օր են անցկացրել Սոչիի Խոստա ծովափնյա քաղաքում: Հայաստանից ժամանած հյուրերին դիմավորել է Սոչիի հայկական համայնքի  նախագահի միջազգային գծով տեղակալ Մարկոս Քեսյանը, ով ամբողջ ընթացքում նրանց ուշադրության և հոգատարության կենտրոնում է պահել:

Երիտասարդները շատ ոգևորված են վերադարձել շրջագայությունից, հագեցած օրեր են ունեցել Խոստայում, հասցրել են այցելել տարբեր ժամանցային, տեսարժան և պատմամշակութային վայրեր, տեսել են Խոստայի բարձրաբերձ լեռներն ու ձորերը, նաև հանդիպումներ են ունեցել համայնքի  ներկայացուցիչների և բանաստեղծ Վարուժան Խաստուրի հետ: Նրանք հանդիպել են նաև սոչիաբնակ հասակակիցներին՝ ընկերային ջերմ հարաբերություններ  ձևավորելով միմյանց հետ: Հյուրերի պատվին միջոցառում-ճաշկերույթ է կազմակերպել, որի ընթացքում հայրենասիրական երգ ու ասմունք է  հնչել: Քննարկվել է նաև Չինարիի դպրոցի՝ հնարավոր ներդրումային ծրագրով վերանորոգման հարցը:

Գևորգ Չիչյան

Scroll Up