Կրթական գործի կազմակերպիչները վերապատրաստվում են «Սփյուռք» ամառային դպրոցում

«Սփյուռք» ամառային դպրոցի «Ուսուցիչների վերապատրաստում» ուղղությունը հուլիսի 4-ին հյուրընկալեց Լևոն Շանթի անունը կրող դպրոցի փոխտնօրեններին: Արդեն 19 տարի մանկավարժությամբ զբաղվող Նաիրա Առաքելյանը ծանոթացավ «Կրթական գործ» խմբի մասնակիցների հետ, հետաքրքվեց նրանց ծավալած գործունեության, համայնքներում հանդիպող խնդիրների, դժվարությունների մասին: Շվեդիայից ժամանած Հարութ Էքիզյանը հետաքրքրվեց հայկական դպրոցում հայ երեխաների ներգրավվածությունը մեծացնելու հարցով, ինչին հաջորդեց մասնակիցների կառուցողական քննարկումը:

Մասնագիտական փորձի փոխանակմանը հաջորդեց ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ Արևիկ Ղազարյանի հետ հանդիպումը, ով դասընթաց անցկացրեց «Կրթության կառավարման հիմունքներ» թեմայով:

«Կառավարիչը երեք որակ պիտի ունենա՝անձնական, մասնագիտական և կառավարչական. ինչքան լավն է կառավարիչը, այդքան այս հատկանշները ներդաշնակ են»- նշեց Ա. Ղազարյանը և մանրամասն անդրադարձավ թվարկվածներից յուրաքանչյուրին: Ազատ երկխոսության միջոցով քննարկվեցին այն խնդիրները, որոնց հանդիպել են ամառային դպրոցի մասնակիցներն իրենց համայնքներում: Դասընթացավարը առաջարկեց կոնֆլիկտների լուծման ուղիներ, որոնք հնարավոր է օգտագործել ոչ միայն աշխատանքում, այլև առօրյայում:

«Ուսոցիչը մարդ է, ով ամբողջ լսարանը պահելով իր տեսադաշտում՝ միաժամանակ կարողանում է անհատական  վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ. սա է ամենակարևորը ուուցիչ լինելու գործում»,- այս խոսքերով «Սփյուռք» ամառային դպրոցի երկրորդ օրն ամփոփեց դասընթացի պատասխանատու Արմինե Աշիկյանը:

Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Արուսյակ Կապուկչյան

Scroll Up