Ավագ և միջին դպրոցների ուսուցիչների վերապատրաստման առաջին դասընթացը. «Սփյուռք» ամառային դպրոց-2017
Հուլիսի 4-ին «Սփյուռք» ամառային դպրոցի Հայոց լեզվի և պատմության, կրթական գործի վերապատրաստման դասընթացի մասնակից միջին և ավագ դպրոցի ուսուցիչներն առավոտյան դասընթացը սկսեցին Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մկրտչյանի հետ:
Լարիսա Մկրտչյանը ներկայացրեց տարբեր դասարանների համար նախատեսված կրթական ծրագրերը, անդրադարձավ հայոց լեզվի քերականության տարբեր բաժիններին: «Գոյականն անցնելիս՝ երեխաներին հարցրեք՝ ովքեր են դասարանում անձնանիշ գոյականներ, և բոլորը վեր կկենան: Եթե աշակերտը իր ուզած գոյականը չի գտնում, ապա դու՛րս եկեք լսարանի սահմաններից և թու՛յլ տվեք, որ երեխան գտնի դրանք իր շրջապատում»,-ասաց Լարիսա Մկրտչյանը:
Գրականության մասին խոսելիս՝ մասնակիցները հիշեցին մի շարք ստեղծագործություններ, միասին արտասանեցին ու երգեցին:
Դանիայից ժամանած մասնակիցներից մեկն էլ ասաց.«Տիկի´ն Լարիսա, Դուք այնքան պատկերավոր ու գեղեցիկ եք ամեն բան բացատրում, որ ցանկություն եմ ունենում մանուկ դառնալ ու հենց Ձեր դասարանում սովորել»:
Երկրորդ դասընթացը վարեց Բեյրութի Հայկազյան համալսարանի դասախոս, մ.գ.թ. Հակոբ Յակուբյանը: Այն միտված էր հայագիտական առարկաների դասավանդման ընթացքում քննադատական մտածողության զարգացմանը:
Նա մասնավորապես նշեց. «Ոչնչից քննադատական մտածողություն չի ստեղծվում, վերջինիս համար կրթական համապատասխան հիմք է պետք: Յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա արտահայտել իր սեփական կարծիքն ու հավասարապես գնահատվել»:
Վերջին դասընթացին մասնակիցները հանդիպեցին ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ Արմինե Աշիկյանի հետ և քննարկեցին մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները:
Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Սոֆի Թովմասյան