Տեղի ունեցավ Հակոբ Գասարջյանի «Նուիրում ՌԱԿ-ի Ճամբով. Յիսնամեայ գործունէութեան Արձանագրութիւն» գրքի շնորհանդեսը
Հուլիսի 5-ին Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Երևանի Թեքեյան Կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ՌԱԿ Կենտրոնական Վարչության նախկին ատենապետ, Լիբանանի խորհրդարանի նախկին անդամ, Թեքեյան մշակութային միության հիմնադիրների մարմնի ատենապետ, Ճարտարապետ Հակոբ Գասարջյանի «Նուիրում ՌԱԿ-ի Ճամբով Յիսնամեայ գործունէութեան Արձանագրութիւն» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Շնորհանդեսը կազմակերպվել էր «Զարթոնք» օրաթերթի 80-ամեակի առիթով կազմակերպվող միջոցառումների շրջանակներում:
Գրքի նութերը հավաքել, ամբողջացրել և խմբագրել Է ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Յորդեքյանը: ժողովածուն ընդգրկում է Գասարջյանի՝ տարբեր տարիների գրառումները, նոթերը, անձնական արխիվը և մամուլում լույս տեսած նյութերը:
Բացման խոսքով հանդես եկավ «Զարթօնք» օրաթերթի երկարամյա աշխատակից Ջեննի Գրիգորյան-Բարսեղյանը:
Սերժ Սրապիոնյանը փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը և շնորհավորանքը, ապա կարևորեց սփյուռքահայ գործչի ազգանվեր գործունեությունը, նա նշեց, որ Սփյուքի պատմությամբ հետաքրքրվողների համար ժողովածուն հարուստ սկզբնաղբյուր կարող է դառնալ:
ՌԱԿ Կենտրոնական վարչության անունից ողջույնի խոսքը ընթերցեց ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ Հակոբ Անդրեասյանը:
Գիրքը ներկայացրեց քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը: Նա նշեց, որ. «Նուիրում ՌԱԿ-ի Ճամբով Յիսնամեայ գործունէութեան Արձանագրութիւն» գիրքը յուրահատուկ հուշագրություն է, որում ամփոփված է Հակոբ Գասարջյանի շուրջ կեսդարյա ազգային-քաղաքական և միութենական-կուսակցական գործունեությունը, գիրքն իր յուրահատուկ տեղը կգրավի Ռամկավար ազատական կուսակցութեան պատմութեան մեջ և հավելեց. «Գասարջյանն իր գրքում պատմության համար տվել է իր գործունության կարևորագույն հանգրվանները, որոնք առնչվում են իր ընտանիքին, ՀԵԸ-ին, ՀԲԸՄ-ին, ՌԱԿ-ին, կուսակցության ներքին խնդիրներին և մարտահրավերներին, ԹՄՄ-ին, Հայրենիքին, Արցախին և լիբանանյան քաղաքական կյանքին»:
Այնուհետև խոսեց գրքի խմբագիր Հովիկ Յորդեքյանը: Նա ներկայացրեց մանրամասներ կատարված աշխատանքի, գրքի կայացման ողջ գործընթացի մասին:
Վերջում ելույթ ունեցավ գրքի հեղինակը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ապա «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանին ձեռնարկը կազմակերպելու և գիրքը հանրահռչակելու համար: