Հայաստանում ամենաշատը սիրեցի մարդկանց. Հովսեփ Բալմանուկյան

Ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը սիրիահայ երիտասարդ Հովսեփ Բալմանուկյանի հետ:

– Հովսե´փ, ե՞րբ եք եկել Հայաստան: Մենա՞կ եք այստեղ ապրում, թե՞ ընտանիքի հետ:

– Ես մենակ եմ եկել Հայաստան՝ 2013 թվականի սկզբին: Երկու ամիս ընկերներիս հետ Հայաստանում շրջելուց հետո՝ անցել եմ աշխատանքի՝ որպես մատուցող: 10 ամիս հետո հարազատ եղբայրներս նույնպես եկան Հայաստան: Միասին սկսեցինք աշխատել տեքստիլ ֆաբրիկայում: Մեկ տարի անց մեզ միացան մեր ծնողները, որից հետո մենք հիմնեցինք մեր սեփական տեքստիլի ֆաբրիկան: Սակայն մոտ մեկ տարի անց հասկացանք, որ պետք է ֆաբրիկան փակել, քանի որ վնասով էինք աշխատում:

Հայրիկիս հետ սկսեցինք մտածել ռեստորան բացելու մասին, սակայն, ցավոք, հայրիկս վաղաժամ մահացավ: Նրա ցանկությունը ես իրականություն դարձրի ընկերոջս հետ, ում հետ ծանոթացել էի այն ժամանակ, երբ ռեստորաններից մեկում մատուցող էինք աշխատում: Ռեստորանը հայրիկիս անունով ենք կոչել՝ «Chez Hrach» (Հրաչի մոտ):

– Հովսե´փ, բիզնեսում առաջին անհաջող փորձից հետո դժվար չէ՞ր նորից որևէ բան ձեռնարկելը:

– Իհարկե դժվար էր, քանի որ ֆինանսապես ծանր իրավիճակում էինք հայտնվել: Ճիշտ է, առ այսօր դեռ կան չլուծված խնդիրներ, սակայն մեր հոգսն աստիճանաբար թեթևանում է:

Մեր ռեստորանում մատուցում ենք միայն տնական ուտեստներ: Կերակուրները պատրաստում է մայրս: Մեր բոլոր հաճախորդներին մենք խոստանում ենք ընտանեկան մթնոլորտ:

– Ինչո՞վ է առանձնահատուկ «Chez Hrach» ռեստորանը:

– Մեր ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ ռեստորանում ամեն ինչ տնական է: Աշխատողները սրտացավ են իրենց աշխատանքի հանդեպ: Կարևոր է նաև մասնագիտական մոտեցումը: Մատուցվող կերակուրները հիմնականում արևմտահայկական են: Մենք ցանկանում ենք, որ մեր հաստատությունը հաճախորդներին, թե՛ հայաստանցի, թե՛ սփյուռքահայ, Արևմտյան Հայաստանը հիշեցնի:

Մեր ռեստորանում այն ամենն ինչ տեսնում եք, ձեռքի աշխատանք է: Վերանորոգել ենք աթոռներն ու սեղանները, պատերից կախված աշխատանքները նույնպես ձեռագործ են: Ամեն ինչ ինքներս ենք վերամշակել՝ 6 ամսվա ընթացքում:

«Chez Hrach»  ռեստորանի ամենահայտնի ճաշատեսակներից մեկը ղավուրման է: Ասում են՝ շատ համեղ է: Ունենք հատուկ ճաշատեսակ՝ «Մարի մամեի հավ» է կոչվում, որն իմ ընկերոջ տատն էր պատրաստում՝ լիմոնով, սխտորի սոուսով և կարտոֆիլով:

– Հովսե´փ, Հայաստանում ի՞նչն եք ամենաշատը սիրել:

– Ամենաշատը սիրեցի մարդկանց: Մեզ շատ լավ ընդունեցին Հայաստանում, և միանգամից ինտեգրվեցինք հասարակությանը: Շատ եմ հավանել նաև բնությունը, կլիման է շատ լավը:

– Իսկ որո՞նք են դժվարությունները:

– Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է Հայաստան գալուց հասկանա, որ պետք է ավելի համբերատար լինել: Բիզնեսում հաջողության հասնելու հնարավորություններ կան, բայց պետք է փոքր-ինչ սպասել:

– Հովսե´փ, բացի ընտանեկան բիզնեսից, ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:

– Սովորում եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Շուտով սկսելու եմ գրել իմ ավարտական թեզը՝ Արցախի պատերազմի վերաբերյալ: Այս թեման ինձ հետաքրքիր էր դեռ Սիրիայում ապրելու ժամանակ: Այդ է պատճառը, որ ուզում եմ ավելի խոր գիտելիքներ ձեռք բերել այս թեմայի շուրջ: Իմ վերջնական նպատակը Երևանի պետական համալսարանում դասախոս դառնալն ու հայ երիտասարդներին գիտելիքներս փոխանցելն է:

Զրուցեց Լաուրա Սամվելյանը

Scroll Up