«Հայաստանն իմ տունն է». Շանթ Բարսեղյան
ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկել է «Արի տուն 2017» ծրագիրը, որի շրջանակներում 7 երկրներից 160 սփյուռքահայ երեխաներ են եկել Հայաստան, ովքեր այս օրերին շրջում են Հայաստանի տեսարժան վայրերով: Հերթական՝ Գառնի-Գեղարդ այցելության ընթացքում «Հայերն այսօր»-ի համար փոքրիկ զրույցներ ծավալվեցին մի քանի մասնակիցների հետ:
Մերի Բոքսուլյան, 13տ. Սիրիա
Իմ առաջին այցն է «Արի տան» շրջանակներում: Շատ տպավորված եմ: Հատկապես մեծ տպավորություն է գործել Գառնիի տաճարն իր շքեղ ճարտարապետությամբ և տեղացիների ջերմ ընդունելությամբ: Ապագայում մտադիր եմ հիմնովին հաստատվել Հայաստանում:
Կարապետյան Գրիգորի, 17տ. Ղազախստան
Առաջին անգամ եմ Հայաստանում, բայց արդենիսկ հասցրել եմ գերվել բնության գեղեցկությամբ, տեղացիների հյուրընկալությամբ, օդով և ջրով: Բայց ամենից տպավորիչը երևի թե բնությունն է, այնքան անիրական գեղեցկություն է, որ թվում է ,թե մի ինքնատիպ կտավ է:
Գասպարյան Դիանա, 14տ. ՌԴ, Նովոռոսիյսկ
Սա արդեն իմ երկրորդ այցն է Հայաստան: Անցյալ տարի մեծ տպավորություններով եմ վերադարձել Նովորոսիյսկ և ցանկություն էր առաջացել կրկին այցելել: Շատ եմ սիրում Հայաստանը, նրա պատմությունը, մարդկանց ջերմությունը. այս միջավայրում գտնվելն ինձ համար մի աննկարագրելի տոն է, և ես շատ կցանկանայի, որ այդ տոնը երկար շարունակվեր:
Բարսեղյան Շանթ, 10տ. Ղազախստան, Ատրաու
Հայաստանը շատ եմ սիրում: Առաջին անգամ եմ մասնակցում «Արի տուն» ծրագրին: Ամենատպավորիչ իրադարձությունն այս ընթացքում հանդիպումն էր մի աղջկա հետ, ով նույնպես ծրագրի մասնակից է: Տպավորված եմ թե՛ բնությամբ, թե՛ մարդկանցով, թե՛ շքեղ ճարտարապետությամբ: Հայաստանն իմ տունն է. շատ կուզենայի վերադառնալ և ապրել իմ Հայրենիքում:
Զարինա Սիսեմալիևա, Ղազախստան, Ատրաու
Ատրաուում ես հաճախում եմ կիրակնօրյա հայկական դպրոց, որտեղ սովորում ենք ազգային պարեր, երգեր, գրականություն: Հատկապես տպավորված եմ Հայաստանի պատմությամբ և ճարտարապետական գլուխգործոցներով, միշտ ցանկացել եմ իմ աչքերով տեսնել այս ամենը, ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի բազմադարյա պատմությանն ու մշակութային կոթողներին: Հայաստանում ինձ դուր են գալիս թե՛ մարդիկ, թե՛ հայկական ավանդական կերակրատեսակները, թե՛ սառնորակ և համեղ ջուրը…Ամեն ինչ ինձ համար հարազատ է ու հաճելի. այստե՛ղ է իմ տունը, այստե՛ղ են իմ արմատները:
Զրուցեց ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի լեզվաբանության
ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Էդվիգա Թևոսյանը